Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2011 16:30
ՀՀ ԿԲ որոշեց մեղմել դրամավարկային պայմանները, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելով` 8.5%-ից մինչև 8.0%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդը, ապրիլից մինչև օրս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանելով 8.5%-ի վրա, 2011 թվականի սեպտեմբերի 6-ի նիստում որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով և սահմանել այն 8.0%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դրամավարկային պայմանների թուլացումը հնարավորություն կտա մեծ հավանականությամբ գնաճը կանխատեսվող հորիզոնում ձևավորել տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում` միաժամանակ լրացուցիչ խթաններ ստեղծելով տնտեսական ակտիվության ավելացման համար: Աղբյուրի տվյալներով, 2011 թվականի օգոստոսին արձանագրվել է 0.6% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսային կետով և կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք:
Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք` որոշակի գնանկումային ռիսկերի դրսևորման հավանականությամբ: Սակայն դեռևս պահպանվում են զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հեռանկարների անորոշությունները:
Խորհուրդը համակարծիք է, որ ներկայումս ներքին պահանջարկի ազդեցությունը գնաճային միջավայրի վրա նվազեցման ուղղությամբ է. մասնավոր ծախսումների ազդեցությունը գնահատվում է չեզոք, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Չեզոք ազդեցություն ունեն նաև աշխատանքի շուկայի զարգացումները` արտադրողականության և անվանական աշխատավարձերի հարաբերակցության առումով: Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2010 թվականի մայիսի 11-ին 7%-ից բարձրացրեց մինչև 7.25%, այդ մակարդակի վրա պահելով մինչև 2011 թվականի փետրվարի 8-ը, որից հետո այն բարձրացվեց մինչև 7.75%, իսկ այնուհետև` մարտի 4-ին` մինչև 8.25%, իսկ ապրիլի 12-ին` մինչև 8.5%, մինչ օրս պահպանելով այդ մակարդակի վրա: