Շաբաթ, 17 Սեպտեմբերի 2011 15:19
Հայաստանի բանկային համակարգն  ապահովել է տնտեսության վարկավորման 37% աճ, հիմնականում դրամային վարկերի հաշվին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալները սեպտեմբերի 1-ի դրությամբ տարվա կտրվածքով աճել են 37%, հիմնականում դրամային վարկերի 24% աճի հաշվին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
 
Աղբյուրի համաձայն, հաշվետու ժամանակահատվածում դրամային ավանդների 49% և շրջանառվող կանխիկ միջոցների 16% աճի  հաշվին 28.6% ավելացել է դրամական զանգվածը: Արդյունքում, դոլարիզացիայի մակարդակը տարեկան կտրվածքով նվազել է 2.5%:
 
Ըստ ՀՀ ԿԲ նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել  ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից, Հայաստանի դրամական զանգվածը տարեկան կտրվածքով ավելացել է 23%, առաջին կիսամյակում` 6.1%, միայն 2011 թվականի հունիսին`2%, հուլիսի 1-ին կազմելով 967.3 մլրդ դրամ (2.6 մլրդ դոլար): Դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալները հունիսին ավելացել են 2.7% (անկումը հունվար-հունիսին` 0.8%,  տարեկան կտրվածքով`13.8%), հուլիսի 1-ին կազմելով 301.8 մլրդ դրամ: Ավանդների բաժինը դրամական զանգվածի ընդհանուր ծավալներում կազմել է 24.7% կամ 239,5 մլրդ դրամ: Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը հուլիսին աճել է 2.2% (տարեկան կտրվածքով աճը կազմել է` 26.2%, իսկ հունվար-հուլիսին`15.1%), 2011 թվականի օգոստոսի 1-ին կազմելով 802.8 մլրդ դրամ (2.2 մլրդ դոլար):  Ներգրավված ավանդների կազմում դրամային ավանդները կազմել են 32.1% կամ 258 մլրդ.դրամ (709.7 մլն.դոլար): Առևտրային բանկերի վարկային ներդրումները 2011 թվականի հուլիսին գրեթե չեն փոփոխվել, կազմելով 1.1 տրլն.դրամ (3.1 մլրդ.դոլար), տարեկան 3.5% աճով, իսկ հունվար-հուլիսին`17.5%: Առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամային վարկերը կազմել են 40.7% կամ 433.7 մլրդ դրամ (հուլիսին աճելով 0.3%):