Երկուշաբթի, 19 Սեպտեմբերի 2011 15:22

HSBC Բանկ Հայաստանը 1 մլն.դոլար է ուղղել բանկոմատների միջոցով միջազգային բանկային քարտերի սպասարկման երկարաձգմանը


ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը 1 մլն.դոլար է ուղղել ծրագրային ապահովման նորացմանը` բանկոմատների միջոցով միջազգային Visa և MasterCard բանկային քարտերի սպասարկումը երկարաձգելու նպատակով, ինչպես նաև տեղական ArCa քարտերի սպասարկմանը: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը, բանկը դադարեցրել էր բանկոմատների միջոցով միջազգային քարտերի սպասարկումը 2009 թվականի նոյեմբերին, տեխնիկական անվտանգության հզորացման նպատակով:


ՙԱյսօր HSBC Բանկ Հայաստանի բանկոմատների ցանցն ընդգրկում է 50 բանկոմատ, պատրաստ է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական քարտերի սպասարկմանը՚, - ասել է նա:

Նրա խոսքերով, ծրագրային ապահովման նորացումը բանկին հնարավորություն է տվել նաև նվազեցնել կանխիկացման սակագները, ինչը ևս մեկ քայլ է ցածր գներով լավագույն ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Բացի այդ, ինչպես տեղեկացրել է Ա Քլիֆորդը, բանկը սկսել է թողարկել նաև չիպային քարտեր, այդ նախագծի իրականացմանն ուղղելով 150 հազ.դոլար:

ՙԱյսուհետ բանկի կողմից թողարկված բոլոր նոր քարտերը կլինեն չիպային, ինչ վերաբերվում է մագնիսական շերտագծերով գործող քարտերին, ապա ժամանակին դրանք նույնպես կփոխարինվեն չիպային քարտերով՚, - նշել է նա:

Նա նաև տեղեկացրել է, որ բանկը Հայաստանում առաջին անգամ տեղադրել է Drive Through (առանց ավտոմեքենայից դուրս գալու) Մյասնիկյան փող. 20ա հասցեում, Արաքս բենզալցակայանում:

ՙՄենք կշարունակենք ներդրումներ կատարել ինովացիոն նախագծերի ներդրմանն ու հաճախորդներին նոր ծառտայությունների մատուցմանը՚, - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ա.Քլիֆորդը հիշեցրել է, որ HSBC Բանկ Հայաստանը առաջինն էր Հայաստանի բանկերից, ով 1996 թվականին տեղադրեց առաջին բանկոմատը: Այսօր,
Երևանում տեղադրված բանկոմատների թվով HSBC Բանկ Հայաստանը գտնվում է շուկայի առաջատարների հնգյակում:

HSBC Բանկ Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանն իր հերթին ասել է, որ ներկայումս բանկի կողմից թողարկել է 15 հազ.քարտ, ընդ որում, բանկն ամսական թողարկում է 300 վարկային քարտ:

ՙԲացի այդ, բանկը թողարկել է շուրջ 40 հազար դեբետային քարտ, HSBC բանկոմատների ցանցերում սպասարկվելու նպատակով՚, - ասել է նա: