Երկուշաբթի, 19 Սեպտեմբերի 2011 16:19
HSBC Բանկ Հայաստանը ակտիվանում է սպառողական վարկավորման գծով
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը մտադիր է ակտիվանալ սպառողական վարկավորման հատվածում: Ինչպես այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է HSBC Բանկ Հայաստանի մանրածախ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, սեպտեմբերից մինչև տարեվերջ բանկը նախատեսել է ամսական տրամադրել 300-400 հազ.դոլարի սպառողական վարկեր:
ՙՎերջին ամիսներին սպառողական վարկավորման տեմպերը բանկում ակտիվացել են, և մենք մտադիր ենք այն առավել ակտիվացնել՚, - ասել է Ա. Բարսեղյանը, ավելացնելով, որ ներկայումս բանկի սպառողական վարկերի պորտֆելը կազմում է մոտ 600-700 հազ.դոլար: Նա նաև հիշեցրել է, որ բանկը սպառողական վարկավորումը վերսկսել է 2010 թվականի դեկտեմբերից:
Ա. Բարսեղյանը նաև տեղեկացրել է, որ սպառողական վարկերի պորտֆելում մեծ մաս են կազմում հիփոթեքային վարկերը: ՙՄենք ակտիվացրել ենք հիփոթեքային վարկավորումը և ակնկալում ենք դրա հետագա աճ՚, ասել է նա:
Խոսելով ֆինանսավորման աղբյուրների մասին, HSBC Բանկ Հայաստանի գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը տեղեկացրել է, որ բանկը չունի դրամային ռեսուրսների պակասի պրոբլեմ, որոնց բաժինը կազմում է բանկի ավանդային պորտֆելի 25%-ը: ՙԲացի այդ, անցյալ տարի դրամային ռեսուրսների հաշվին մենք զգալիորեն ավելացրեցինք բանկի կապիտալը, հետևաբար, դրամային ֆինանսավորման ռեսուրսների պակաս այսօր մենք չենք զգում՚, - վստահեցրել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գոծակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, HSBC Բանկ Հայաստանի 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 155.2 մլրդ դրամ, որոնց կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմել է է 67,5% կամ 105 մլրդ դրամ (284 մլն.դոլար), այդ թվում, սպառողական վարկերի պորտֆելը կազմել է 5.8 մլրդ. դրամ: Հիփոթեքային պորտֆելի գծով 14.1 մլրդ.դրամ ցուցանիշով բանկն առաջատար դիրք է գրավում շուկայում: Առաջին կիսամյակի արդյունքներով բանկն ապահովել է 2.751 մլրդ.դրամի զուտ շահույթը (2-րդ տեղ):