Երեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2011 18:37
ՀՀ ԿԲ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8 տոկոս
ԱրմԻնֆո. 2011 թ. հոկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից,
2011 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 1.4 տոկոսային կետով և կազմել 6.2%:
Այն, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը մեծ հավանականությամբ կձևավորվեր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ կամ դրանից բարձր, ԿԲ խորհուրդը նախանշել էր նախորդ ամսվա սկզբին և հրապարակել սեպտեմբերի 16-ի մամլո հաղորդագրության (Տոկոսադրույքի արձանագրություն) մեջ:
Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք: Սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները:
Խորհուրդը գտնում է, որ տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները: Վերջիններս հետագայում մեծապես կախված կլինեն նաև արտաքին հատվածի զարգացումներից:
Խորհուրդն ամփոփեց, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում: Սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2010 թվականի մայիսի 11-ին 7%-ից բարձրացրել էր մինչև 7.25%, իսկ 2011 թվականի փետրվարի 8-ին`մինչև 7.75%, իսկ այնուհետև`մարտի 4-ին` մօնչև 8.25%: Այնուհետև, ապրիլի 12-ին այն բարձրացվեց մինչև 8.5%, իսկ սեպտեմբերի 6-ին նվազեցրեց մինչև 8%: