Չորեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2011 13:43
ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8 տոկոսի մակարդակում
ԱրմԻնֆո: 2011 թ. հոկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2011 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 1.4 տոկոսային կետով և կազմել 6.2%: Այն, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը մեծ հավանականությամբ կձևավորվեր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ կամ դրանից բարձր, ԿԲ խորհուրդը նախանշել էր նախորդ ամսվա սկզբին և հրապարակել սեպտեմբերի 16-ի մամլո հաղորդագրության (Տոկոսադրույքի արձանագրություն) մեջ:
Խորհուրդն արձանագրել է, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք: Սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները: Խորհուրդը գտնում է, որ տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները: Վերջիններս հետագայում մեծապես կախված
կլինեն նաև արտաքին հատվածի զարգացումներից:
Խորհուրդն ամփոփել է, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին: Չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում: Սեպտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.5 տոկոսային կետով նվազեցումից հետո ֆինանսական շուկայում ներկայումս ձևավորված և ակնկալվող տոկոսադրույքները, անորոշություններից բխող ռիսկերի չափավոր դրսևորման պարագայում, թույլ կտան ձևավորել համախառն պահանջարկի այնպիսի մակարդակ, որի պարագայում գնաճը կգտնվի 4%` 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: