Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2011 16:08
HSBC Բանկ Հայաստանը կվերաֆինանսավորի Առաջին Հիփոթեքային Ընկերության վարկերի մի մասը
ԱրմԻնֆո. ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚ ՓԲԸ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՙԱռաջին Հիփոթեքային Ընկերություն՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ի հետ` վերջինիս Հիփոթեքային վարկերի մի մասը վերաֆինանսավորելու վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալոյանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդները, ում վարկը ներառվելու է ՙԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան՚-ի կողմից վերաֆինանսավորվող փաթեթում, անհատապես կտեղեկացվեն այդ մասին նախօրոք: ՙԱռաջին Հիփոթեքային Ընկերության՚ վարկառու հաճախորդները տվյալ գործարքի արդյունքում որևէ նշանակալի փոփոխություն չեն նկատի, քանի որ, համաձայն հուշագրի, վերաֆինանսավորվող վարկերի փաստացի տոկոսադրույքները կմնան անփոփոխ:
ՙՉափազանց կարեւորում ենք Էյչ-Էս-Բի-Սի –ի նման հեղինակավոր միջազգային ֆինանսական հաստատության հետ համագործակցության խորացման հնարավորությունը: Կարծում ենք, սա կարող է դառնալ միջոցների ներգրավման այլընտրանքային մի աղբյուր, որը կարող է էլ ավելի բարելավել մեր ընկերության ֆինանսական ցուցանիշները՚, - փաստեց ՙԱռաջին Հիփոթեքային Ընկերության՚ գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Աթանեսյանը:
ՙԻ հավելումն բանկի կողմից առաջարկվող վարկային ծառայությունների, մենք պատրաստ ենք քննարկել ՙԱռաջին Հիփոթեքային Ընկերության՚` բանկի պահանջներին համապատասխանող բոլոր վարկային հայտերի վերաֆինանսավորման հարցը՚, - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հաճախորդներին տրամադրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 միլիարդ ՀՀ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, իր հիփոթեքային պորտֆելի ծավալներով HSBC Բանկ Հայաստանը 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ դարձել է Հաաստանի բանկային համակարգի առաջատարը: Ընթացին տարվա առաջին կիսամյակի ավարտին Առաջին Հիփոթեքային Ըկերության վարկային պորտֆելը կազմել է 4.3 միլիարդ դրամ: