Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2011 16:45
ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց թվով երկրորդ վարկային պայմանագիրը:
ԱրմԻնֆո. ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ և Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի միջև կնքվեց 5 մլն. ԱՄՆ դոլար գումարով, 5 տարի մարման ժամկետով թվով երկրորդ վարկային պայմանագիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայէկոնոմբանկի մամուլի ծառայությունից, ներգրավված միջոցները ուղղվելու են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
ՙՍույն նախագծի իրականացումը ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ նկատմամբ իր գործընկերների ունեցած խորը վստահության խոսուն վկայությունն է: Այս գործարքով ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն ևս մեկ անգամ ապացուցում է, որ հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի հետագա զարգացման գործընթացին աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը: ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում՚,-ասված է հաղորդագրության մեջ:
ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի հետ համագործակցում է սկսած 2008թ.-ից և շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները: 2011թ.-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ ընդհանուր կապիտալը գերազանցում է 9.1 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են 62.1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 29.2 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.2 մլրդ դրամ: Բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: