Երկուշաբթի, 24 Հոկտեմբերի 2011 18:42
Յունիբանկի քարտերի քանակն ավելացել է 20%-ով և կազմել 73,2 հազար
ԱրմԻնֆո. 2011թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 73,2 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20%:  Քարտերի ընդհանուր քանակում 55,1 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 18,1 հազարը` ArCa քարտերը: Յունիբանկի ինքնասպասարկման ցանցը 01.10.11թ.-ի դրությամբ ներառում է 79 բանկոմատ և 546 POS-տերմինալ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից: 
Աղբյուրի համաձայն, Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի վարկային կամ դեբետային քարտեր: Ներկա դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը վարկային են: Բանկի ամենապահանջված վարկային քարտերից է “Constant+”, որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասավանդողների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավելի  աշխատավարձ ստացող այլ անձանց համար: 
“Constant+” քարտով հաճախորդը կարող է խանութներում գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ:  Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի  վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով և 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում  է 18-ից մինչեւ 20%: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: “Constant+”  վարկային քարտի ձևակերպման համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի 37 մասնաճյուղերից որևիցե մեկը և ներկայացնել դիմում,  անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:  
“Յունիբանկի քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հիմքում դրված է հետևյալ սկզբունքը`   մշակել վարկատեսակներ հաճախորդների լայն շրջանակի համար և ապահովել բարձր մակարդակի սպասարկում: Նման մոտեցման շնորհիվ թողարկված քարտերի քանակով մենք արդեն ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում ենք, իսկ մոտ ապագայում էլ ավելի կբարելավենք մեր դիրքերը: Այս տարվա նոյեմբերին Յունիբանկը կսկսի Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդպիսով բանկը լրացուցիչ հնարավորություններ կստանա հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման և տարին 110 հազար քարտ ցուցանիշով ավարտելու համար, - ասում է Յունիբանկի քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: 
 
Յունիբանկի  բանկային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք կայքի “Բանկային քարտեր” բաժին: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը: