Երեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2011 19:12
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) 3 տարով երկարաձգում է իր մասնակցությունը ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ կանոնադրական կապիտալում
ԱրմԻնֆո. Այսօր, հանդիսավոր պայմաններում, տեղի ունեցավ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության երկարաձգման պայմանգրի կնքման պաշտոնական արարողությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ստորագրող կողմերի ելույթներում բարձր գնահատվեցին ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի յոթամյա /2004թ-ից/ մասնակցության արդյունքները, որի հիմքով ՎԶԵԲ-ը, Հայաստանում 1-ին անգամ, որոշում կայացրեց` իրենց գործառույթներով հնարավոր ժամկետով /ևս երեք տարով/ երկարաձգել ՎԶԵԲ-ի մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում:
Բանկի և ՎԶԵԲ-ի որպես ռազմավարական բաժնետիրոջ /25% +1 բաժնետոմս/ բազմամյա փոխշահավետ համագործակցությունը առավելագույնս նպաստեց նշված ժամանակահատվածում համակարգաստեղծ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ կայուն և արդյունավետ զարգացմանը` ձևավորելով կորպորատիվ բարձր մշակույթով, կանոնակարգվածությամբ, ռիսկերի և ներքին հսկողության կառավարմամբ, պլանավորման և բյուջետավորման սկզբունքներով, իննովացիոն մտածելակերպով գործող կառույց, որի բարձրորակ համախոհ մասնագետների թիմը ունակ է նույնիսկ ճգնաժամային պայմաններում լուծելու իր առջև ծառացած հիմնախնդիրները:
ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ կանոնադրական կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության երկարաձգումը, հանդիսանալով բանկի գործունեության գնահատական համաշխարհային բարձր հեղինակություն ունեցող ռազմավարական բաժնետրոջ կողմից` առաջիկայում նույնպես թույլ կտա առավել արագ տեմպերով ապահովել Բանկի առաջընթաց զարգացումը ի հաշիվ բանկի միջազգային ճանաչման ընդլայնման, նոր հուսալի գործընկերների հետ արդյունավետ համագործակցության ծավալման, իննովացիոն բանկային տեխնոլոգիաների և պրոդուկտների ներդրման, մատուցվող ծառայությունների փաթեթի ամբողջականացման` նպատակաուղղված բանկի բաժնետերերի, հաճախորդների, գործընկերների, ինչպես նաև երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի հզորացման:
ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է տարբեր ծրագրերով սկսած 2000թ.-ից անընդհատ ընդլայնելով համագործակցության շրջանակները: Մինչ օրս ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացրել է ավելի քան 45.0 մլն ԱՄՆ դոլարի ծրագրեր:
2011թ.-ի հոկտեմբերի 24-ի դրությամբ ՙՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ՚ ԲԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է մոտ 9.1 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` 61.2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 29.1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` 10.2 մլրդ դրամ: Զբաղեցնելով ՙԱրքա՚ պլաստիկ քարտերի շուկայի մոտ կեսը` բանկի գործող տեղական և միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 140,000 հատ: Բանկն ունի 38 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: