Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 15:56
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով կազմել է 65.8 մլն.դոլար, ապահովելով տարեկան 18.4% աճ
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի համախառն եկամուտը 2011 թվականի 9 ամիսների արդյունքներով կազմել է 207 մլրդ.դրամ կամ 556.3 մլն.դոլար, իսկ ծախսերը կազմել են 175.6 մլրդ.դրամ կամ 472 մլն.դոլար: Ընդ որում, թե եկամուտները, և թե ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 20.3%: Արդյունքում` բանկային համակարգը 2011 թվականի 9 ամիսները եզրափակել է 31.4 մլրդ.դրամ կամ 84.3 մլն.դոլար հաշվեկշռային շահույթով, տարեկան 20.8% աճով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական Բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանի առեւտրային բանկերի ընդհանուր զուտ շահույթը, հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով կազմել է 24.5 մլրդ.դրամ կամ 65.8 մլն.դոլար, տարեկան 18.4% աճով:
Առևտրային բանկերի համախառն եկամուտների կազմում տոկոսային եկամուտը 9 ամիսներին կազմել են 127,2 մլրդ.(341.8 մլն.դոլար, տարեկան աճը` 28.5%), կամ 61,4%, նախորդ տարվա 57,5%-ի փոխարեն: Ոչ տոկոսային եկամուտների բաժինը համախառն եկամուտներում կազմել է 16.8% կամ 34.9 մլրդ դրամ (93.8 մլն.դոլար, տարեկան 26% աճով): Առեւտրային բանկերի համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը առաջին 9 ամիսներին կազմել են 33.3% կամ 58,4 մլրդ.դրամ (157 մլն.դոլար, տարեկան աճը` 36.1%), իսկ ոչ տոկոսային ծախսերը` 32.9% կամ 57.8 մլրդ դրամ (155.3 մլն.դոլար, տարեկան աճը` 17.2%):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործել է 21 առևտրային բանկ, 432 մասնաճյուղերով: