Երեքշաբթի, 8 Նոյեմբերի 2011 20:22
Կենտրոնական բանկը հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 8 տոկոս մակարդակի վրա
ԱրմԻնֆո. 2011 թ. նոյեմբերի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից,
2011 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 5.7%` ընդհուպ մոտենալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքին:
Խորհուրդն առավել հավանական է համարում, որ կանխատեսվող ժամանակահատվածում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն և, առաջարկի կողմից շոկեր չարձանագրելու դեպքում, միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի: Միաժամանակ դեռևս պահպանվում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արդյունավետության անորոշությունները:
Խորհուրդը գտնում է, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի:
Խորհուրդն ամփոփեց, որ իրականանում են 2011 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերի կանխատեսումները գնաճի նվազող հետագծի և կանխատեսվող հորիզոնում 4%±1.5տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում ձևավորվելու վերաբերյալ: Այս պարագայում, առաջիկա ժամանակահատվածում դրամավարկային քաղաքականության ուղղությունների փոփոխություն չի պահանջվում և առավել նպատակահարմար է չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Միաժամանակ, կախված Դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված ռիսկերի դրսևորման չափից և ժամկետներից, չի բացառվում դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների ճշգրտումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 18-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):