Ուրբաթ, 11 Նոյեմբերի 2011 15:30
ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերության ապահովագրական հատուցումները 10 ամսում կազմել են 2 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերության ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը 2010 թվականի 10 ամիսներին կազմել է 2 մլրդ.դրամ, որի 1.5 մլրդ.դրամը փաստացիորեն արդեն հատուցվել է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մամուլի ծառայությունից:
ԱՊՊԱ մասին օրենքի ներդրումից սկսած ընկերությունն ստացել է վնասների կարգավորման 7920 դիմում, որի 7250 դիմումն արդեն կարգավորված է: Միայն 34 դեպքերով է, որ ընկերությունը մերժել է հատուցման վճարումը, ինչը կազմում է ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալի 0.4%-ը: Ապահովագրական հատուցման մերժման հիմք է հանդիսացել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանող ավտոմեքենաների իրար բախումը, կամ էլ` դիմումի ներկայացման երեքամսյա ժամկետը խախտումը:
Ընկերության Կոնտակտ-Կենտրոնը 2011 թվականի 10 ամիսներին ընդունել է մոտ 50900 զանգ, ընդ որում, ամենամեծ թվով զանգերը կատարվել են հոկտեմբերին` 6610 զանգ, որոնց կազմում 1460-ը եղել են Ճանապարհա-տրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Ընկերության վնասների կարգավորման Կենտրոնի տվյալներով, տարեսկզբից գրանցվել է մարմնական վնասներով 322 ՃՏՊ: Առավելագույն քանակը տեղի է ունեցել սեպտեմբերին`51 և հոկտեմբերին` 47 պատահար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականի 9 ամիսներին ընկերության ապահովագրական պրեմիաների ընդհանուրչ ծավալը կազմել է 5.6 մլրդ.դրամ, զբաղեցնելով այս ցուցանիշով 1-ին տեղը: Ընկերության կանոնադրական կապիտալը ներկայումս կազմում է 2.13 մլրդ.դրամ կամ 6 մլն.դոլար: