Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2011 20:26
ՀՀ ԿԲ գրանցել է լատվիական ՙՐիետումու Բանկա՚ ներկայացչությունը
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 16-ի թիվ 1/1292Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՙՐիետումու Բանկա՚ (Rietumu Banka) Բաժնետիրական Ընկերության Ներկայացուցչությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական Բանկի մամուլի ծառայությունից:
Լատվիական Rietumu Banka-ի կողմից Հայաստանի բանկային շուկա դուրս գալու մտադրության մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտի էր դարձել դեռևս սեպտեմբեր ամսին, բանկային շրջանակներից ստացված հավաստի աղբյուրներից: Ըստ Rietumu Banka ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական եզրակացության, 2010 թվականին լատվիական բանկերի կողմից ստացված շահույթի ավելի քան երրորդ մասը բաժին է ընկել Rietumu Banka-ին, որի զուտ շահույթն անցյալ տարի կազմել է 4.6 մլն.եվրո, իսկ Rietumu խմբի զուտ շահույթը կազմել է 6.8 մլն.լատ կամ 9.7 մլն.եվրո: Բանկի ակտիվների ծավալը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1.6 մլրդ.եվրո, վարկային պորտֆելը` 763 մլն.եվրո, ավանդների ծավալը` 1.4 մլրդ.եվրո, կապիտալը և ռեսուրսները` 196 մլն.եվրո, իսկ կապիտալի համարժեքության ցուցանիշը` 17.8%:
Նշենք, որ Rietumu Banka Լատվիայում գրանցվել է 1992 թվականին և պատկանում է Լատվիայի ռեզիդենտ հանդիսացող մասնավոր անձանց, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների: Բանկը հիմնականում սպասարկում է խոշոր կորպորատիվ հաճախորդների: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, բանկի դուստր կազմակերպություններից մեկը ծառայություններ է մատուցում նաև օֆշորային ընկերությունների գրանցման և կառավարման գծով: Բացի այդ, Rietumu Banka տրամադրում է նաև խորհրդատվական, բրոքերական, ակտիվների կառավարման ծառայություններ, ինչպես նաև Լատվիայում 5 տարով բնակվելու թույլտվության գործընթացի ուղղությամբ խորհրդակցություններ և ուղեկցում, ինչն ընձեռում է Շենգենյան պայմանագրի գոտում ազատ տեղաշարժվելու հնարավորություն: Rietumu Banka-ին է պատկանում ՙՎեստլիզինգ՚ ընկերությունների խմբի վերահսկիչ փաթեթը, որը լիզինգային գործառնոույթուններ է իրականացնում Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: Rietumu Banka-ն 7 ներկայացուցչույթուն ունի Եվրոպայի և ԱՊՀ երկրներում, այդ երկրների միջև հանդես գալով որպես յուրօրինակ ՙբանկային կոմուրջ՚:
Ինչպես գտնում են վերլուծաբանները, լատվիական ֆինանսական կառույցներով ԱՊՀ գործարարների գրավվածությունը պայմանավորված է նրանով, որ այդ երկրի բանկերն ի վիճակի են արագորեն և ճշգրիտ կատարել իրենց հաճախորդների բոլոր հանձնարարությունները, որոնք աշխատում են միջազգային շուկաներում, բավարարելով նրանց ցանկացած պահանջ, իսկ ողջ օրենսդրությունն ուղղված է հաճախորդների շահերի պաշտպանությանը: