Հինգշաբթի, 17 Նոյեմբերի 2011 17:26
Ամերիաբանկը ներկայանում է որպես ունիվերսալ բանկ և այդ ռազմավարության շրջանակներում ընդլայնում է ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների շրջանը
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսում է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում, որպես ունիվերսալ բանկ` ընդլայնելով համագործակցությունը ֆիզիկական անձ հաճախորդների հետ: 
Ինչպես այսօր ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, չնայած նրան, որ մանրածախ բանկային ծառայությունները հիմնականում առաջարկվում էին կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներին, այնուհանդերձ, Ամերիաբանկը գրանցել է մանրածախ գործառնությունների գծով ցուցանիշների մեծ աճի տեմպեր: Ընդամենը մեկ տարվա ընթացքում /31.10.10-31.10.11/ շուրջ 40%-ով  աճել է Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը, իսկ վարկային հաշիվների քանակն աճել է 56%-ով, ավանդային հաշիվների քանակը` 68%-ով:  Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը մեկ տարվա ընթացքում աճել է 56%-ով` և 31.10.11թ. դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելն աճել է 31%-ով` կազմելով շուրջ 19 մլրդ դրամ: 
Ըստ հաղորդագրության բանկն ունի ֆիզիկական անձանց համար նախատեսված բազմաբնույթ ծառայությունների փաթեթ. ժամկետային ավանդների ընդարձակ տեսականի` ամենատարբեր պայմաններով, ներառյալ ոսկու կառուցվածքային ավանդը, ինչպես նաև խնայողական, մետաղական հաշիվներ, վճարային քարտերի լայն տեսականի, վարկային ծառայությունների բազմազան տեսականի` ներդրումային, հիփոթեքային, անշարժ գույքի վերանորոգման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման, անձնական և ընտանեկան կարիքների համար, վարկային գծեր և մի շարք այլ ծառայություններ, որոնք առանձնանում են պայմանների բազմազանությամբ և ճկուն սակագներով:
Աղբյուրի համաձայն, արդեն իսկ հասարակությանը ներկայանալով որպես ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն ընդլայնելու է համագործակցության շրջանակները ֆիզիկական անձանց հետ: Բանկ ակտիվորեն համալրելու է ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը հայաստանյան ֆինանսական շուկայի համար նոր առաջարկներով:
 
Բանկում արդեն մշակվել են  հիփոթեքային վարկերի նոր, ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող տեսակներ, շուտով կառաջարկվի նաև Նվեր (Gift) քարտ: 
Նշենք, որ Ամերիաբանկը շարունակում է նոր առաջարկներով հանդես գալ նաև կորպորատիվ հաճախորդների համար, մասնավորապես, մոտ ժամանակներում հաճելի անակնկալ է սպասվում փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին: 
Չնայած նրան, որ տարիներ շարունակ Ամերիաբանկը հանրությանը ներկայացել է որպես կորպորատիվ, ներդրումային բանկ, այնուհանդերձ, մշտապես պատշաճ ուշադրության է արժանացրել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների  մշակմանը, ճկուն սակագնային փաթեթի ձևավորմանը, սպասարկման մակարդակի մշտապես բարելավմանը: