Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2011 13:48
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն կոչ է անում իր հաճախորդներին աջակցել երեխաների համար բանկի կողմից նախաձեռնված բարեգործական ակցիային
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն կոչ է անում իր հաճախորդներին աջակցել Բանկի կողմից նախաձեռնված ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին՚ ամանորյա նախատոնական բարեգործական ակցիային, որն անցկացվում է հօգուտ ՙՀայաստանի մանուկներ հիմնադրամի՚ շահառուների:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մինչև դեկտեմբերի 25-ը իրականացվող ակցիայի շրջանակներում Բանկի աշխատակիցները հիմնադրամի շահառուների համար հավաքելու են ամանորյա նվերներ, հագուստ, դպրոցական պարագաներ: ՙԲանկի կողմից երեխաների համար իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում, - ասվում է հայտարարության մեջ, - կոչ ենք անում մեր բոլոր հաճախորդներին միանալ այս նախաձեռնությանը և մեր ներդրումն ունենալ երկրի աճող սերնդի հոգատարության գործում: Նոր տարին` մանուկների տոնն է: Այդ օրը յուրաքանչյուր երեխա սպասում է հրաշքի: Եկեք այդ հրաշքը միասին ստեղծենք՚:
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական պատասխանատվության և բարեգործության ոլորտում` պարբերաբար անցկացնելով ակցիաներ ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուրի օգտին՚ ընդհանուր կարգախոսով և նախատեսված բնակչության տարբեր խմբերի համար: Բանկի սոցիալական գործունեության հիմնական նպատակն է նպաստել մշակույթի և սպորտի զարգացմանը, մայրության և երեխաների պաշտպանությանը, ինչպես նաև օժանդակել բազմազավակ և անապահով ընտանիքների կայացմանը, 2-րդ համաշխարհային և ղարաբաղյան պատերազմների վետերաններին:
Նշենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկը 100%-ով հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ին դուստր ձեռնարկությունը: