Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2011 14:42
ՙԲյուրակն՚ ընկերությունը ճանաչվել է Եվրոպական բիզնես մրցանակի ՙՆախագահի Ընտրություն՚ անվանակարգում
ԱրմԻնֆո: Հայաստանյան ՙԲյուրակն՚ ՍՊԸ ընկերությունը ճանաչվել է ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ Խմբի կողմից արդեն երկրորդ տարին հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության Եվրոպական բիզնես մրցանակի` ՙՆախագահի Ընտրություն՚ անվանակարգում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, անցած գիշեր Բարսելոնում կայացած գալա ընդունելությանը Եվրոպայի առաջատար բիզնես ղեկավարներից, քաղաքական գործիչներից, ձեռներեցներից, բիզնես վերլուծաբաններից, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից և ակադեմիկոսներից կազմված ժյուրին ընտրել է Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության 11 հաղթողներին: Այս տարվա հուլիսի 28-ին ՙԲյուրակն՚ ՍՊԸ-ն ի թիվս ՙԱՈՒՄ՚-ի և ՙՄանանա րեյնի՚ ընտրվել էր արժանանալու ՙՊատվո ժապավենին՚ (Ruban d’Honneur) Եվրոպայի 30 երկրների 111 ընկերությունների թվում և հնարավորություն էր ստացել պայքարել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասնմեկ անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար:
ՙՉափազանց ուրախ եմ տեսնել մեր հաճախորդին եվրոպական ամենահեղինակավոր բիզնես մրցանակաբաշխություններից մեկի հաղթողների թվում: Հուսով եմ, որ սա կխթանի հայաստանյան հաջողակ և առավել դինամիկ զարգացող ընկերություններին էլ ավելի խորացնել իրենց գործարար կապերը Եվրոպայի հետ՚, - նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: