Շաբաթ, 26 Նոյեմբերի 2011 16:54
Յունիբանկն ուսանողներին առաջարկում է U-Student+ ուսումնական վարկը
ԱրմԻնֆո. ԲՈՒՀ-երում սովորելու դիմաց ուսումնական վարձը վճարելու նպատակով Յունիբանկն ուսանողներին առաջարկում է U-Student+ ուսումնական վարկը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, վարկի չափը չի գերազանցում 1 մլն.դրամը, մարման ժամկետը կազմում է 1 տարի, իսկ տոկոսադրույքը` տարեկան 20%: Ընդ որում, վարկի մարումները իրականացվում են ամեն ամիս, հավասարաչափ վճրումների միջոցով:
Աղբյուրի համաձայն, վարկը կարող են ձևակերպել ուսանողները կամ նրանց ընտանիքի անդամները, որոնք չունեն բացասական վարկային պատմություն: U-Student+ վարկը ձևակերպելու համար հարկավոր է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը, տեղեկանք աշխատավայրից և տեղեկանք բուհից: Վարկային պայմանագրի ստորագրումից հետո միջոցները փոխանցվում են ուսումնական հաստատության հաշվին: Վարկային հայտը քննարկվում է հաճախորդի կողմից համապատասխան բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրում:
ՙՅունիբանկի նոր վարկային պրոդուկտը հնարավորություն է տալիս դրամական միջոցների սակավության պայմաներում ժամանակին վճարել ուսման դիմաց: Վարկը տրամադրվում է մեկ ուսումնական սեմեստրի կտրվածքով, իսկ պարտքը մարելուց հետո հաճախորդը կարող է դիմել նոր վարկ ստանալու նպատակով` հաջորդ սեմեստրի համար: Հաշվի առնելով, որ վարկը տրամադրվում է սովորելու համար, բանկը կանխավճարներ կամ գրավի ապահովում չի պահանջում, սահմանափակվելով ֆիզիկական անձի երաշխավորությունով՚,-տեղեկացրել է Յունիբանկի սպառողական և քարտային վարկավորման գծով տնօրեն Ծովինար Վարդանյանը:
Նշենք, որ 2011 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով Յունիբանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալները կազմել են 24.3 մլրդ.դրամ: