Շաբաթ, 26 Նոյեմբերի 2011 16:55
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մագիստրատուրայում սովորողներին առաջարկում է 5 տարի մարման ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով ուսումնական վարկ
ԱրմԻնֆո. Հաշվի առնելով ուսման վարձի վճարման նպատակով ուսանողական վարկերի նկատմամբ պահանջարկը, Բանկի համագործակցությունը բազմաթիվ ուսումնական հաստատությունների հետ և ուսումնասիրելով ՀՀ բանկերի կողմից տրամադրվող նմանատիպ վարկի պայմանները` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ուսման վարձի վճարման նպատակով մշակել և առաջարկում է նոր վարկատեսակ: Այս վարկատեսակը տրամադրվում է Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում սովորող ուսանողներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ուսանողական վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով` ուսման երկու տարիների ամբողջ վարձավճարի չափով: Ուսանողների համար վարկի մարումներն ավելի մատչելի դարձնելու նպատակով, Բանկը նախատեսել է առաջին երկու տարվա ընթացքում (ուսման ընթացքում) մարումներ կատարել գումարի 25%-ի չափով, իսկ մնացած 75% մարումները կիրականացվեն վերջին երեք տարվա ընթացքում: Դա հնարավորություն կտա ուսանողներին իրենց կրթության համար վճարել ուսումն ավարտելու հետո` ունենալով աշխատանք և կայուն եկամուտ: Նշենք, որ վարկառու ուսանողի անվամբ բացվում է քարտային հաշիվ և տրամադրվում պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի գանձման:
Աղբյուրի համաձայն, տրամադրվող առավելագույն գումարի սահմանաչափը 2.5 մլն. դրամ է, տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է ինչպես անշարժ և շարժական գույքի գրավադրմամբ, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությամբ: