Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2011 20:11
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորմն տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8%
ԱրմԻնֆո. 2011 թ. դեկտեմբերի 6-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թ. նոյեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.9 տոկոսային կետով և կազմել 4.8%` վերադառնալով 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայք:
Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները բացակայում են: Ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսական աճի սպասվող դանդաղման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում գներն էականորեն չեն փոփոխվի, ինչը համապատասխանում է ՙԴրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում՚ նկարագրված համաշխարհային տնտեսության զարգացման բազային սցենարին: Միաժամանակ դեռևս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների լուծման հետ կապված անորոշությունները:
Խորհուրդը համակարծիք է, որ ՀՀ տնտեսությունից նույնպես գնաճային ռիսկեր չեն ակնկալվում. պահպանվում է այն գնահատականը, որ աշխատանքի շուկայի և համախառն պահանջարկի արձանագրված և սպասվող զարգացումները գնաճային միջավայրի վրա էական ճնշումներ չեն ձևավորի:
Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է 2011 թ. Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան և 12-ամսյա հորիզոնում գնաճը մեծ հավանականությամբ կգտնվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ՙԴրամավարկային քաղաքականության 2011 թ. 4-րդ եռամսյակի ծրագրում՚ նախանշված բազային սցենարին համապատասխանող ուղղությունը, ինչը ենթադրում է չեզոք քաղաքականության իրականացում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ դեկտեմբերի 16-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 7%-ից մինչև 7.25% 2010 թվականի մայիսի 11-ին, այնուհետև 2011 թվականի փետրվրի 8-ին բարձրացրել էր մինչև 7.75%, իսկ այնուհետև, մարտի 4-ին` մինչև 8.25%: Ապրիլի 12-ին այն բարձրացվել էր մինչև 8.5%, իսկ հոկտեմբերի 11-ին իջեցվլ էր մինչև 8%: