Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2011 19:59
Առաջին տարում կենսաթոշակային ակտիվների ծավալը կկազմի 150 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանում կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման առաջին տարում կենսաթոշակային ակտիվների ծավալը կկազմի 150 մլն.դոլար: Նամն գնահատական է տվել NASDAQ OMX Armenia բորսայի գլխավոր տնօրեն Կանստանտին Սարոյանը, նշելով, որ այդ խնայողությունների արդյունավետ կառավարումը պետպարտատոմսերից բացի նախատեսում է նաև այլընտրանքային ներդրումային գործիքներ, մասնավորապես, կորպորատիվ պարտատոմսեր և բաժնետոմսեր:
Նա պարզաբանել է, որ կուտակային համակարգի ներդրման սկզբնական փուլում կենսաթոշակային ակտիվների հիմնական ծավալը կկուտակվի պետպարտատոմսերում, սակայն, նոր գործիքների ներդրմանը զուգահեռ այդ խնայողությունները կդիվերսիֆիկացվեն:
Կ.Սարոյանը տեղեկացրել է, որ ներկայումս բորսան աշխատում է պոտենցիալ թողարկողների հետ, արժեթղթերի նոր թողարկումների իրականացման ուղղությամբ, դրանով իսկ բարձրացնելով նրանց պատրաստվածությունը նոր համակարգի ներդրմանը:
Մեկնաբանելով կենսաթոշակային ակտիվներն իրենց վրա վերցնելու ցանկություն ունեցող ընկերությունների բացակայության փաստը, բորսայի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ տեղական ներդրումային ընկերությունների շրջանում գոյություն ունի կենսաթոշակային ակտիվների կառավարման նկատմամբ հետաքրքրություն: ՙՍակայն, որքանով ինձ հայտնի է, նախատեսվում է նաև լուրջ օպերատորների, մասնավորապես միջազգային հիմնադրամներից, ներգրավում, ովքեր, հնարավոր է, տեղական ընկերությունների հետ կիրականացնեն համատեղ նախագծեր՚,-նշել է Կ.Սարոյանը, հավելելով, որ կենսաթոշակային փողերը դրանք օլիգարխների կամ խոշոր ներդրողների փողերը չեն, ՙդրանք մեր և ձեր փողերն են, հետևաբար, պետք է կառավարվեն պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից՚,-եզրափակել է նա:
Նշենք, որ 2012 թվականին կգործրկվի կենսաթոշակային համակարգի միասնական պաշտոնական կայքը (www.ePension.am), որի օգնությանբ քաղաքացիներն 2014 թվականից կկարողանան հետևել իրենց կենսաթոշակային հաշիվներին: