Երեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2011 17:07
2012 թվականին ակնկալվում է Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի 2.2% նվազում և մոնետիզացիայի 9% աճ
ԱրմԻնֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումների, դրամական և դրամային զանգվածները 2012 թվականին կաճեն համապատասխանաբար 18.2% և 20.1%: Իսկ դրամական բազայի գծով ակնկալվում է 9.7% աճ: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2011 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ, շրջանառվող դրամական կանխիկ միջոցները հաջորդ տարի կաճեն 13%, ինչի հետևանքով դրամային ավանդների ծավալը կմեծանա 28.5%, իսկ արտարժութային ավանդների ծավալը` 15.6%: Արդյունքում, տնտեսության դոլարիզացիայի մակարդակը կնվազի 2.2%, իսկ մոնետիզացիայի մակարդակը կաճի 9%:
2012 թվականի սեպտեմբերի վերջին, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության վարկավորման ծավալները կաճեն 20.3% կամ մոտ 250 մլրդ.դրամով, ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում գրանցված 36.7% աճի համեմատ: Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանում տնտեսության վարկավորման ծավալները 2011 թվականի դեկտեմբերին գրանցել են 37.8% տարեկան աճ:
Աղբյուրի համաձայն, դեկտեմբերի 1-ի դրությամբ դրամային ագրեգատների տարեկան աճը գերազանցել է կանխատեսվող սանդղակը, մասնավորապես, դրամական զանգվածն աճել է 26.5%, կապված դրամային ավանդների 40% և շրջանառվող կանխիկ միջոցների 17.2% աճի հետ: Դրա հետ մեկտեղ, արտարժութային ավանդների աճը կկազմի 23%, իսկ դրամական զանգվածի տարեկան աճը`25.2%: Արդյունքում, դոլարիզացիայի մակարդակը կիջնի 1.4%: