Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2011 18:34
Ամերիաբանկը 2011 թվականին կապահովի ֆակտորինգային պորտֆելի 80% աճ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն հանդես գալ ֆակտորինգային գործառնությունների շուկայում: Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը ավելի քան 65 %-ով: 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, մեկ տարուց ավել է, ինչ Ամերիաբանկը ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ, համաձայն որի Բանկը ձեռք  բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: 
Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով դասական ֆակտորինգային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 400 մլն ՀՀ դրամ, որը Բանկի ֆակտորինգի ընդհանուր պորտֆելի  29%-ն է: 
Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 30.11.11թ. դրությամբ 200 մլն ՀՀ դրամ է, որը կազմում է  ընդհանուր ֆակտորինգի պորտֆելի ավելի քան 14%-ը:
 	
Ըստ նախնական հաշվարկների Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2011թ. արդյունքներով կգերազանցի 2010թ.  ցուցանիշն ավելի քան 80 %-ով` և կկազմի շուրջ 2,0 մլրդ ՀՀ դրամ:
	
Ամերիաբանկը 2012թ. ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ֆակտորինգի տեսականին և զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները. միաժամանակ համալրվելու է ֆինանսավորվող ոլորտների ցանկը: