Երեքշաբթի, 10 Հունվարի 2012 21:22
ՀՀ ԿԲ կրկին Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8 տոկոս
ԱրմԻնֆո. 2012 թ. հունվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: 
Աղբյուրի համաձայն, 2011 թ. դեկտեմբերին արձանագրվեց 2.5% գնաճ: Արդյունքում 2011 թ. տարեկան գնաճը կազմեց 4.7%, որը գտնվում է 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումները կարճատև ժամանակահատվածում թույլ են. համաշխարհային տնտեսության ակտիվության նվազման հեռանկարում դեկտեմբերին արձանագրվել է հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների անկում: Այդուհանդերձ, ԿԲ ուշադրության կենտրոնում են գտնվում համաշխարհային տնտեսության զարգացումները և ապագայում դրանցից բխող գնաճային ռիսկերը:   
		
ՀՀ տնտեսության զարգացումներից բխող գնաճային ճնշումները նվազագույնն են. ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի ազդեցությունները գնաճային միջավայրի վրա գնահատվում են չեզոք: 
 
Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում կանխատեսված միտումներին համապատասխան, և 12-ամսյա հորիզոնի համար նախանշված 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքը կլինի հասանելի: 
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հունվարի 20-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):