Ուրբաթ, 13 Հունվարի 2012 18:12
Յունիբանկը ներդնում է Salesforce.com ընկերության կառավարման նոր համակարգը
ԱրմԻնֆո. Յունիբանկը ներդնում է CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Salesforce.com ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր համակարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
CRM-համակարգն օգտագործվում է հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, բանկային ծառայությունների իրացման ավտոմատացման, բիզնես գործընթացների բարելավման և արդյունքների հետագա վերլուծման համար:
Աղբյուրի համաձայն, Յունիբանկը Salesforce համակարգի ներդրման նախագծի իրականացումը սկսել է 2011թ.-ին: Արդեն իսկ ձեռք են բերվել համապատասխան արտոնագրերն ու նոր սարքավորումները: Նախատեսված է համակարգի կիրառումը սկսել 2012թ.-ի սկզբին:
Յունիբանկը իր գործունեության գերակա ուղղություն ընտրել է մանրածախ ոլորտը: Նման ուղղվածությունը ենթադրում է հաճախորդամետ մոտեցում, ինչպես նաև առանձնակի ուշադրություն ֆիզիկական անձանց սպասարկման արագության և որակի նկատմամբ: Ոլորտի համաշխարհային առաջատարի կողմից առաջարկված կառավարման ժամանակակից համակարգի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն ավտոմատացնել վարկավորման գործընթացը, այլև իրականացնել վարկային ռիսկերի գնահատում նոր մոդելի կիրառմամբ, ինչն էապես կկրճատի վարկերի ձևակերպման ժամանակը: Բացի այդ, Salesforce-ի ծրագրային ապահովման շնորհիվ Յունիբանկը հետագայում կարող է հաճախորդներին առաջարկել հաղորդակցության բոլոր ժամանակակից ուղիները, ներառյալ մոբիլ բանկինգ ծառայությունը, որի գործարկումը նախատեսված է այս տարվա առաջին եռամսյակում:
ՙՀանդիսանալով մանրածախ շուկայում առաջատարներից մեկը, Յունիբանկը ներկայացնում է բանկային ծառայությունների լայն տեսականի: Կառավարման նոր համակարգը թույլ կտա որոշել և կանխատեսել հաճախորդների կողմից ներկայացվող պահանջարկը և կարճ ժամանակում ապահովել նոր գործիքների մշակումը: Այդ իսկ պատճառով Salesforce համակարգը, որի հիմքում ընկած է հաճախորդների շահերի գերակայությունը, համապատասխանում է մեզ իր բոլոր չափանիշներով՚, -նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: