Ուրբաթ, 20 Հունվարի 2012 16:53
2011 թվականին Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 34.1%
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալներն աճել են 34.1%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ֆինանսական շուկայի նկարագրված զարգացումների պայմաններում դրամավարկային ցուցանիշներն արձանագրել են հետևյալ միտումները. դեկտեմբերի վերջի դրությամբ դրամային ագրեգատների 12-ամսյա աճերը, ինչպես և սպասվում էր, գերազանցել են ընդհանուր ագրեգատների աճը: Դրամային ագրեգատների աճը գերազանցել է նաև կանխատեսումները: Դրամային ավանդների ավելի, 38.5% և կանխիկի 14.3% աճերով պայմանավորված` դրամային զանգվածի աճը կազմել է 24.4%: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 18.6% (բացառելով փոխարժեքի փոփոխությունը` 12.5%), փողի զանգվածինը` 21.9%: Արդյունքում դոլարայնացման մակարդակը նվազել է 2.7%-ով:
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կաճեն համապատասխանաբար`18.2% և 20.1%: Իսկ բազայի գծով ակնկալվում է 9.7% աճ: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2011 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մեջ, շրջանառվող կանխիկ դրամական միջոցները հաջորդ տարի կաճի 13%, ինչի հետևանքով դրամային ավանդների ծավալը կաճի 28.5%, իսկ արտարժութային ավանդների ծավալը`15.6%: Արդյունքում, դոլրիզացիայի մակարդակը տնտեսությունում տարեկան կտրվածքով կիջնի 2.2%, իսկ մոնետարիզացիայի մակարդակը կբարձրանա 9%-ով:
2012 թվականի սեպտեմբերի վերջին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության վարկավորման ծավալները, ըստ ԿԲ կանխատեսումների, կաճեն 20.3% կամ մոտ 250 մլրդ.դրամով, 3-րդ եռամսյակում գրանցված 36.7% տարեկան աճի համեմատ: Ընդ որում, 2012 թվականին կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: