Հինգշաբթի, 26 Հունվարի 2012 19:52
Հայբիզնեսբանկն ավարտել է 4 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ թողարկումը
ԱրմԻնֆո. 2011 թվականի 4-րդ եռամսյակի վերջին Հայբիզնեսբանկն իրականացրեց 4.050 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ թողարկում, որի արդյունքներով ՙԿապիտալ Մենեջմենթ՚ ընկերությունը դեկտեմբերի 19-ին դարձավ բանկի բաժնետոմսերի փաթեթի միաանձնյա տիրապետողը, սանացիայի գործընթացի մեջ գտնվող ուկրաինական Ուկրպրոմբանկից գնելով բաժնետոմսերի 13.01% փաթեթը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Հայբիզնեսբանկի մամուլի ծառայությունից, թողարկման արդյունքում բանկի կանոնադրական կապիտալը մեծացավ 30%-ով, մինչև 17.5 մլրդ.դրամ կամ 45.4 մլն.դոլար, ինչի շնորհիվ բանկը հայտնվեց առաջատարների եռյակում: 2011 թվականին բանկի ընդհանուր կապիտալն աճեց 33.6%, մինչև 23.4 մլրդ.դրամ կամ 60.7 մլն.դոլար, որի կազմում կանոնադրական կապիտալը կազմեց 75%, իսկ կուտակված շահույթը` 24%: Բանկի զուտ շահույթը 2011 թվականի արդյունքներով կազմեց 4.6 մլն.դոլար, գրանցելով 33.2% տարեկան աճ:
Ըստ բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, վարկային ներդրումների ծավալը 2011 թվականին բանկը մեծացրել է 40%-ով, մինչև 279.2 մլն.դոլար ¥5 տեղ¤: Վարկային պորտֆելի մոտ 80%-ը կազմում են տնտեսության մեջ իրականացված վարկային ներդրումները, հիմնականում`շինարարության, արդյունաբերության, առևտրի և ՓՄՁ ոլորտներում, իսկ մանրածախի գծով գերակշռել են հիփոթեքը և վարկային քարտերը: Արժեթղթերում կատարված ներդրումները Հայբիզնեսբանկը մեծացրել է մոտ 43%, մինչև 20 մլն.դոլար, որտեղ առյուծի բաժինը կազմել է առևտրի պորտֆելը, որը տարեկան կտրվածքով աճել է 57%: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջները 2011 թվականին աճել են ավելի քան 3 անգամ, մինչև 13.8 մլն. դոլար:
Հայբիզնեսբանկի պարտավորությունների կազմում, որոնք 2011 թվականին աճել են 45.8%, մինչև 376.1 մլն.դոլար, հաճախորդների հանդեպ պարտավորությունների բաժինը կազմել է ավելի քան 65%, իսկ բանկերի և ֆինանսական այլ կազմակրպությունների բաժինը կազմել է 34.4%: Ընդ որում, հաճախորդների հանդեպ պարտավորությունների բացարձակ արժեքը մեծացել է 57.2%, հիմնականում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների և իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունների աճի հաշվին, իսկ բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների հանդեպ պարտավորություններն աճել են 57%, հիմնականում միջբանկային վարկերի հաշվին:
Հայբիզնեսբանկի եկամուտների կազմում տոկոսային եկամուտները կազմել են 84%, որոնք նաև 63% են կազմել ծախսերի կազմում: Ի դեպ, բանկի տոկոսային եկամուտները 2011 թվականին աճել են 41.3%, իսկ տոկոսային ծախսերը`67.2%: Բանկի հաշվեկշռային շահույթը ¥մինչև հարկումը¤ 2011 թվականին աճել է 30.6%, կազմելով 5.8 մլն.դոլար: