Ուրբաթ, 27 Հունվարի 2012 18:13
Fitch-ը հաստատել է և ետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿի վարկանիշը
ԱրմԻնֆո. Fitch Rating-ը հաստատել է և ետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշը, այդ թվում բանկի թողարկողի երկարաժամկետ դեֆոլտի ՙBB-՚ վարկանիշը` ՙԿայուն՚ կանխատեսումով, թողարկողի կարճաժամկետ ՙB՚ վարկանշը, կայունության ՙB+՚ վարկանիշը և աջակցության ՙ3՚ վարկանիշը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանն այսօր տեղեկացվել է Fitch Rating-ից, Fitch-ը ետ է կանչել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշները, քանի որ բանկը որոշում է ընդունել դադարեցնել իր մասնակցությունը վարկանշային գործընթացում: ՙԱյսպիսով, Fitch-ն այլևս բավականաչափ տեղեկություններ չի ունենա վարկանիշների հաստատման համար: Հետևաբար, գործակալությունն այլևս չի վարկավորի տվյալ բանկը և այդ բանկի վերաբերյալ չի կատարի վերլուծություններ՚,-ասվում է հաղորդագրության մեջ: 
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Fitch Rating-ը իջեցրել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը, ՙBB՚-ից մինչև  ՙBB-՚, ՙԿայուն՚ կանխատեսումով: Բանկի կայունության վարկանիշը հաստատվել էր ՙB+՚ մակարդակի վրա, անհատական վարկանիշը`ՙD՚ մակարդակի վրա, աջակցության վարկանիշը`ՙ3՚ մակարդակի վրա: Ըստ Fitch Rating-ի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի իջեցումն արտացոլում է գործակալության կարծիքի փոփոխությունը Credit Agricole S.A. (ՙAA?՚/Rating Watch ՙբացասական՚) բանկի բաժնետերի կողմից աջակցության ստանալու հավանականության նկատմամբ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ակտիվները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 218.6 մլրդ.դրամ կամ 563.3 մլն.դոլար, գրանցելով 29.54% տարեկան աճ: Դրանց կազմում վարկային ներդրումները կազմել են 70%, որոնց բացարձակ մեծությունը 2011 թվականին ավելացել է 47.2%-ով: Ընդ որում, բանկի վարկային պորտֆելը հիմնականում կենտրոնացված է գյուղատնտեսական վարկերի հատվածում, որին հաջորդում են առևտրի ոլորտը, արդյունաբերական հատվածը, ՓՄՁ-ն: Իսկ բանկի մանրածախ վարկային պորտֆելում հիմնական մասն են կազմում սպառողական վարկերը և հիփոթեքը: 2011 թվականին 22%-ով կրճատվել են նաև արժեթղթերում կատարված ներդրումները, հիմնականում պետպարտատոմսերի առևտրի պորտֆելի կրճատման հաշվին, ինչի արդյունքում դրանց բաժինը բանկի ակտիվներում իջել է 3.5%-ից մինչև 2.1%: Բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությւնների հանդեպ պահանջները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 19.8 մլրդ.դրամ կամ 51.4 մլն.դոլար, գրանցելով 28% տարեկան անկում: Պարտավորությունների կազմում, որոնք 2011 թվականին աճել են 34.6%, մինչև 173.3 մլրդ.դրամ, բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների բաժինը կազմել է 56.2%, գրանցելով 28.3% տարեկան աճ, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորութունների բաժինը կազմել է 42%, գրանցելով 41.1% տարեկան աճ: Բանկի ընդհանուր կապիտալը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 114 մլն.դոլար, կանոնադրական կապիտալը`77.8 մլն.դոլար: 2011 թվականին բանկը 52.8%-ով ավելացրել է զուտ շահույթը, մինչև 6.1 մլրդ.դրամ կամ 15.8 մլն.դոլար: