Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 16:21
Կամավոր ապահովագրության տեսակներն անխուսափելիորեն կսկսեն զարգանալ նաև Հայաստանում
ԱրմԻնֆո. Կամավոր ապահովագրության տեսակներն անխուսափելիորեն կսկսեն զարգանալ նաև Հայաստանում: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՙՌոսգոսստրախ՚ ընկերությունների խմբի փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, հավելելով, որ Հայաստանում ԱՊՊԱ-ի ներդրման հետ կապված բոլոր գործընթացները մի քանի անգամ արագ ընթացան, քան մի շարք այլ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում:
ԱՊՊԱ ներդրումից անմիջապես հետո, առաջին մեկուկես ամիսներին, Հայաստանը գրանցեց ապահովագրվածների թվի ռեկորդային ցուցանիշներ, ընդգրկելով պոտենցիալ ապահովադիրների ընդհանուր թվի 80%-ը: Երկիրն իր նախադեպը չունեցավ նաև իրականացված հատուցումների առումով: ՙԻհարկե, դա այնքան էլ լավ չի անդրադառնում ընկերությունների ֆինանսական արդյունքների վրա, այնուամենայնիվ, մենք ողջունում ենք այն, քանի որ ապահովագրությունը ոչ թե պոլիսների վաճառք է, այլ վնասների կարգավորում՚,-նշել է նա:
Մինասբեկյանը վստահություն է հայտնել, որ ապահովագրության հանդեպ դրական վերաբերմունքը նույնպես Հայաստանում ձևավորվում է ավելի արագ, քան մյուս երկրներում, ինչն առաջիկա 2-3 տարիներին կբերի ապահովագրության կամավոր տեսակների զարգացմանը, մանավանդ, որ առայժմ իրացված է Հայաստանի ապահովագրական շուկայի ներուժի ընդամենը 1%-ը: ՙՇուկայի ներուժը հսկայական է, ինչպես և վերջերս տնտեսական զարգացման ուղի վերցրած ցանկացած երկրում՚,-ասել է ախահովագրողը:
Անդրադառնալով ապահովագրական ընկերությունների քանակի օպտիմալացմանը հայկական շուկայում, Ռ.Մինասբեկյանը նշել է, որ զարգացող շուկայի պայմաններում այդ թիվը չպետք է անցնի 15-ից, հաշվի առնելով նաև շուկայում գործող նեղ մասնագիտացված ընկերությունների առկայությունը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականին ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ապահովագրկան ընկերության ակտիվները կազմել են 6.4 մլրդ.րամ, կանոնադիր կապիտալը`2.1 մլրդ.դրամ: Ապահովագրական մուտքերը տարեվերջին կազմել են 6.5 մլրդ.դրամ, իսկ հատուցված գումարների ծավալը`մոտ 2.4 մլրդ.դրամ: Ներկայումս ընկերությունը Հայաստանում ունի 49 գրասենյակ, որից 15-ը`Երևանում: