Երկուշաբթի, 30 Հունվարի 2012 17:34
Ամերիաբանկը գարնանը հանդես կգա քարտային նոր ծրագրերով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նախատեսում է գարնան կեսերին հաճախորդներին ներկայացնել վարկային քարտերի նոր ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
ՙՄենք նախատեսում ենք ընթացիկ տարում քարտային պրոդուկտների շնորհիվ ապահովել զգալի աճ, այդ թվում նաև վարկային նոր քարտերով, քանի որ այս տարի մեզ համար ավելի հետաքրքիր կլինեն կարճաժամկետ ներդրումները, քան երկարաժամկետները՚,-ընդգծել է նա: Ընդ որում, Տ.Ջրբաշյանը նկատել է, որ ընթացիկ տարում հիփոթեքը, որպես երկարաժամկետ վարկավորում, չի լինելու Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում, չնայած, որ բանկն արդեն ապահովել է 7.4 մլրդ.դրամի հիփոթեքային պորտֆել, 2011 թվականին գրանցելով 40% աճ:
Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով ներկայումս գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում: Ըստ բանկի ֆինանսական հաշվետվույթունների, 2011 թվականի ակտիվներն աճել են 32%, մինչև 522.1 մլն.դոլար, վարկային ներդրումներն աճել են 541.2%, մինչև 347.5 մլն.դոլար, կանխիկ դրամական միջոցներըէէ 54.2%, մինչև 19.3 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի վարկային պորտֆելում խոշոր ձեռնարկություններին տրամադրված վարկերը կազմել են 69%, գրանցելով 40% տարեկան աճ: Սակայն, տարեկան աճով առջևում է ՓՄՁ պորտֆելը` գրանցելով ավելի քան կրկնակի աճ և սպառողական վարկերը`մոտ եռակի աճ: Վարկային քարտերի բաժինը վարկային պորտֆելում կազմել է 4.5%, տարեկան կրկնակի աճով, օֆերդրաֆտները աճել են 2%-ով, գրանցելով տարեկան կրկնակի աճ, հիփոթեքային վարկերը`2.5%, տարեկան 40% աճով, ավտովարկերը`2%, աննշան տարեկան անկումով:
Ընդհանուր առմամբ, բանկի ընդհանուր կապիտալը 2011 թվականին աճել է մոտ 10%, կազմելով 91 մլն.դոլար, ինչը պայմանավորված է կուտակված շահույթի 47% աճով, մինչև 24.7 մլն.դոլար: Կանոնադրական կապիտալի րափերով բանկը 66 մլն.դոլար ցուցանիշով զբաղեցնում է 2 տեղը: 2011 թվականն Ամերիաբանկը եզրափակել է 11.3 մլն.դոլար շահույթով, գրանցելով 37.3% աճ: