Երեքշաբթի, 7 Փետրվարի 2012 21:04

ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8 տոկոս


ԱրմԻնֆո. 2012 թ. փետրվարի 7-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, 2012 թ. հունվարին արձանագրվել է 3.6% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 4.8%ª պահպանվելով 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրեց Դրամավարկային քաղաքականության նորª 2012 թ. առաջին եռամսյակի ծրագրում ներկայացված բազային սցենարի ներքո համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ առաջիկա ժամանակահատվածում չեն ակնկալվում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման առկա անորոշությունների պահպանմանըª առաջատար մի քանի երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:

ՀՀ տնտեսության բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունըª ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:
Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համապատասխան: Զարգացման այս հեռանկարում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Նշենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 8% էր իջեցրել 2011 թվականի հոկտեմբերի 11-ին: