Ուրբաթ, 17 Փետրվարի 2012 16:49
NASDAQ OMX Armenia-ն մինչև 1 և 2 շաբաթով երկարաձգում է միջբանկային վարկերի մարման ժամկետները
ԱրմԻնֆո. Երկարաժամկետ միջբանկային վարկերի հարթակը NASDAQ OMX Armenia բորսայում կգործարկվի 2012 թվականի երկրորդ կիսամյակից: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման համոզմունք է արտահայտել NASDAQ OMX Armenia գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը, հավելելով, որ սկզբից միջբանկային կարճաժամկետ վարկերի ժամկետները կերկարաձգվեն 7,14 օրով, իսկ այնուհետև`1 ամսով: Բորսայի ղեկավարը հիշեցրել է, որ այն գործարկվել է 2010 թվականի ապրիլին: 2011 թվականին այդ հարթակում գործարքների ամսական միջին ծավալները աճել են 3.5 անգամ: Կ.Սարոյանը ճշգրտել է, որ միջբանկային վարկերի ժամկետների երկարաձգումը ենթադրում է բանկերի միջև փոխհաշվարկների ավելի բարդ մեխանիզմ, որը ներառում է նաև սահմանաչափերի ամենօրյա վերագնահատում:
Բորսայի ղեկավարը բացառել է նաև ընթացիկ տարում դոլարով արտահայտված կորպորատիվ պարտատոմսերի հարթակի ներդրումը: Նրա խոսքերով, Մեգառեգուլյատորն այսօր քննարկում է այդ գործիքի հնարավոր և առավելագույնս արդյունավետ ներդրման մեխանիզմները:
Ընթացիկ տարում NASDAQ OMX Armenia բորսան մտադիր է նաև ստեղծել տեղական ֆոնդային շուկայի ընտեգրման հնարավորութունը Հյուսիսային Եվրոպայի երկրների շուկաներին, որոնք հանդիսանում են NASDAQ OMX –ի անդամ: ՙԻնտեգրման գործընթացը շատ կարևոր է ինչպես պոտենցիալ թողարկողների, այնպես էլ ներդրողների համար: Տեղական շուկայի ինտեգրման մասին որոշմանն ամբողջովին աջակցում է ՀՀ Կենտրոնական բանկը: Մեր Մեգառեգուլյատորը ցանկանում է նաև տեսնել եվրոպական շուկային ավելի ինտեգրված համակարգ, որն օտարերկրյա ներդրողների համար մուտք կբացի ոչ միայն դեպի բաժնետոմսերը կամ կորպորատիվ պարտատոմսերը, այլ նաև դեպի պետպարտատոմսերը՚,-պարզաբանել է Կ.Սարոյանը: