Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 15:32
Ինեկոբանկը միացել է ՙUNISTREAM՚ դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը միացել է ՙUNISTREAM՚ դրամական փոխանցումների համակարգին: 2012թ. փետրվարի 20-ից Ինեկոբանկի հաճախորդները կարող են իրականացնել և ստանալ դրամական փոխանցումներ ՙUNISTREAM՚ դրամական փոխանցումների համակարգով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՙUNISTREAM՚ համակարգի միջոցով ֆիզիկական անձինք կարող են իրականացնել դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ԵՎՐՈ-ով և Ռուսական ռուբլով սկսած 0.35%-ից միջնորդավճարով` առանց բանկային հաշվի բացման: Փոխանցումը հասցեատիրոջ համար հասանելի կդառնա առավելագույնը 10-15 րոպեում: Համակարգը ապահովում է նաև փոխանցումը ստացողի բանկային կամ քարտային հաշվին փոխանցելու հնարավորություն, ինչպես նաև փոխանցումը ՙUNISTREAM՚ համակարգի յուրաքանչյուր սպասարկման կետից ստանալու հնարավորություն:
ՙUNISTREAM՚ դրամական փոխանցումների համակարգը ունի աշխարհագրական լայն ցանց Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիքստանում, Մոլդովայում և այլ երկրներում:
Ինեկոբանկը իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, վստահելի, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն: Այդ նպատակով բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող մի շարք խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ներառյալ ՙԶոլոտայա Կորոնա՚, ՙԲիստրայա Պոչտա՚, ՚Money Gram՚, ՙMigom՚, ՙBlizko՚, ՙContact՚ և ՙInterExpress՚ համակարգերը: 2011թ. ընթացքում Ինեկոբանկը իրականացրել է 64000-ից ավելի փոխանցումներ:
2011 թվականին Ինեկոբանկը վարկային պորտֆելը մեծացրել է 56.1%, մինչև 64 մլրդ. դրամ: Հիմնական աճը տեղի է ունեցել կորպորատիվ վարկերի գծով` 79.2%, մինչև 43.3 մլր.դրամ կամ վարկային պորտֆելի 67.7%-ը: Ընդ որում, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 33.4%, մինչև 20.1 մլրդ.դրամ կամ վարկային պորտֆելի 31.5%-ը: Բանկի կանոնադրական կապիտալը 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել է բացառապես շահույթի հաշվին` մոտ 3.5 մլրդ.դրամով կամ 78.2%-ով, մինչև 7.9 մլրդ.դրամ կամ 20.5 մլն.դոլար, ինչն էլ իր հերթին սեփական կապիտալը մինչև մեծացրել է 15 մլրդ.դրամ կամ 38.9 մլն.դոլար: Բանկի զուտ շահույթը 2011 թվականի արդյունքներով կազմել է 2.6 մլրդ.դրամ, 20%-ով գերազանցելով 2010 թվականի ցուցանիշը:
Նշենք, որ Ինեկոբանկն ունի 13 մասնաճյուղ, որոնցից 7-ը տեղակայված է Երևանում, իսկ 6-ը` մարզերում: