Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 20:49
Բիզնեսի վարկավորումն Անելիք Բանկի առաջնային գործիքն է
ԱրմԻնֆո <Անելիք Բանկ> ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղեկալ Բագրատ Ճզմաչյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը և finport.am պորտալին
2011 թվականին <Անելիք Բանկ> ՓԲԸ-ն միջազգային կառույցներից և բնակչության ավանդներից ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու ճանապարհով ակտիվորեն զարգացնում էր պարտավորությունների պորտֆելը: Որքանո՞վ էր հաջողված անցնող տարին ներգրավված միջոցները շուկայում տեղաբաշխելու առումով:
2011 թվականին Բանկին հաջողվեց միջազգային կառույցներից ներգրավել գրեթե 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ, ինչպես նաև, շեշտակի ավելացնել ավանդային պորտֆելը. նախորդ տարի բնակչությունից Բանկը ներգրավել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք ավանդներ, որի արդյունքում կարողացանք տրամադրել գրեթե 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Կարծում եմ` տվյալ ցուցանիշները վկայում են Բանկի դինամիկ զարգացման մասին, առավելևս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2011 թվականը դիտվում է, եթե ոչ տնտեսական ճգնաժամի, ապա նախաճգնաժամային տարի` ի նկատի ունենալով ԱՄՆ և Եվրոպայի մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձությունները:
Որքա՞ն էր ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների միջև մարժայի դիմնամիկան: 2011 թվականի արդյունքներով Բանկն արդյոք ապահովե՞ց զարգացման իր ծրագրով ամրագրված շահույթը:
Ընդհանուր առմամբ, առևտրային բանկերն, աշխատում են համեմատաբար ցածր մարժայով, առավելևս, եթե վարկավորում են բիզնեսը: «Անելիք Բանկ»-ի համար բիզնեսի վարկավորումը հանդիսանում է առաջնային գործիք, և մեր վարկային պորտֆելում բիզնես-վարկերը գերակշռող են` մոտ 70%: Այդ իսկ պատճառով Բանկն աշխատում է բավականին փոքր մարժայով: Մեր ռազմավարությունը կայանում է նրանում, որ ցածր մարժան կոմպենսացնենք շրջանառության ծավալներով: Այդպես ձեռնտու է և մեզ, և թե Բանկի հաճախորդներին: Շահույթի մասով ասեմ, որ Բանկը 2011 թվականին բարձր ցուցանիշներ չի արձանագրել, քանի որ ֆինանսական ոլորտում և, մասնավորապես, բանկային համակարգում վատացել են վարկային պորտֆելի որակական ցուցանիշները, և իրականացվել են վարկերի գծով պահուստներ, ինչի հետևանքով Բանկի շահույթը մոտ 150 մլն դրամ էր, որը գոհացուցիչ չէ: Բայց, հաշվի առնելով վարկային և ավանդային պորտֆելների աճի նշված դինամիկան, մենք կձգտնեք ապահովել 2012-14 թվականներին պլանավորված շահույթը: Սակայն, պետք է հաշվի առնել նաև համաշխարհային տնտեսության ճգնաժամի 2-րդ ալիքը, որը սպասվում է 2012-13 թվականներին:
Տնտեսոթյան ոլորտներից երկրի բանկային համակարգն անցյալ տարի վարկային ամենափոքր ծավալների վարկային ռեսուրսներն ուղղեց շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներին: Ինչպիսի՞ն էր <Անելիք Բանկ> ՓԲԸ վարկային պորտֆելի կառուցվածքը:
Հիմնական շեշտադրումը եղել է բիզնեսի վարկավորումը, որն աճել է մոտ 21%-ով, ընդհանուր առմամբ բիզնեսի վարկավորման պորտֆելը գերազանցում է 28 մլրդ ՀՀ դրամը: Քանի որ Բանկը գնում է իր եկամուտների դիվերսիֆիկացիայի ճանապաչհով, դրանից ելնելով` 2011 թվականին Բանկը վերսկսեց սպառողական վարկավորումը, ինչը մենք կփորձենք զարգացնել 2012 թվականին:
Բանկն անմասն չի մնացել նաև հիփոթեքային վարկավորումից, 2011-ին հիփոթեքային վարկավորման պորտֆելն աճել է 1,3 մլրդ դրամով` հասնելով 2,4 միլիարդի: Բանկում աճ է նկատվել նաև այլ տեսակի սպառողական վարկերի տրամադրման ծավալներում` մասնավորապես, քարտային վարկերի գծով:
2011 թվականին Բանկը բավականին արդյունավետ իրականացրել է նաև ուսման վարկավորում, որը ես շատ եմ կարևորում, քանի որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ կրթությունը բարեկեցության հիմքն է: Ճիշտ է, այս վարկատեսակը չի կարող ապահովել մեծ պորտֆել, սակայն ուրախացնող է վարկառուների թվաքանակի աճը, որը նշանակում է, որ «Անելիք Բանկ¦-ը կարողացել է առավել շատ թվով ուսանողների օգնել` լուծելու ուսման վարձի խնդիրը: 2011 թվականին մենք տրամադրել ենք մոտ 300 ուսանողական վարկ:
<Անելիք Բանկ> ՓԲԸ վերջին տարիներին հատուկ ուշադրութոյւն է դարձնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը և տարբեր պրոդուկտների գծով մոտեցումներին: Դրանցից որո՞նք կառանձնացնեիք որպես աճի <դրայվերներ>:
«Անելիք Բանկ¦-ը միշտ էլ կարևորել է նորարարությունները և իր բանկային գործիքներում փորձել է կիրառել դրանք: Օգտագործել նորարարական տեխնոլոգիաները` նշանակում է քայլել ժամանակին համընթաց:
Անցած տարի Բանկի ծրագիրը լիարժեքորեն անցավ online աշխատանքի սկզբունքի, որը հնարավորություն ընձեռեց ավելի արդյունավետորեն փոխկապակցել բոլոր մասնաճյուղերը և արագացնել ներդրված բանկային գործիքների տրամադրման ընթացքը: 2011 թվականին, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, ներդրեցինք նաև նոր բանկային պրոդուկտ`«Բանկ-Հաճախորդ¦ համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացում: Սա նորություն էր Հայաստանի բանկային համակարգում, և մենք առաջին և դեռևս միակ բանկն ենք, որն իր հաճախորդներին տրամադրում է նման գործիք: Ճիշտ է, ներդրված այս նոր համակարգը այդքան էլ լայն արձագանք չի գտել հաճախորդների շրջանում, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ:
Ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրել «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգը 2011 թվականին:
2011 թվականը բավականին նպաստավոր տարի էր <Անելիք> Դրամական Փոխադրումների Համակարգի համար: Դրամական Փոխադրումների շրջանառության ընդհանուր ծավալը 2011 թվականին գերազանցել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը: Չնայած այն բավականին զիջում է 2008 թվականի ցուցանիշը, բայց նախորդ տարվա համեմատ առկա է 13 % աճ:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի զարգացնի <Անելիք> Դրամական Փոխդրումների Համակարգը և բարձր պահի <Անելիք> ապրանքանիշը ոչ միայն Հայաստանում, այլև` ամբողջ աշխարհում` քանի որ այն գործում է աշխարհի ավելի քան 90 երկրներում, ունենալով 63,000 սպասարկման կետեր:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ի՞նչն է բանկային համակարգի հիմնական շարժիչ ուժը:
Բանկային համակարգը, լինելով Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը, նախորդ 20 տարիներին ապացուցեց իր կայունությունն ու հուսալիությունը: Առանց չափազանցության կարող եմ ասել, որ բանկային համակարգը տնտեսության ամենակայացած ճյուղն է, որն աներեր մնաց անգամ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին: Սրան նպաստում են մի շարք գործոններ, որոնցից ես կառանձնացնեի հայաստանյան բանկերի միջև առկա առողջ մրցակցությունը, որը հենց բանկային համակարգի հիմնական շարժիչ ուժն է: Իհարկե, բանկային համակարգի կայունության գրավականներից պետք է առանձնացնել նաև այդ դաշտի իրավական ու նորմատիվային համակարգի կանոնակարգումը, որն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը:
Որոշ փորձագետներ մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածը համարում են ճգնաժամի հետևանքներից <մաքրվելու> ժամանակաշրջան, այդ թվում նաև երկրի բանկային համակարգի համար: Հաշվի առնելով համաշխարհային վերջին իրադարձությունները, ի՞նչ եք մտածում այս մասին և ինչպիսի՞ն են Ձեր կանխատեսումները:
2008 թվականին սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հետևանքներ թողեց ամբողջ աշխարհի տնտեսության վրա: Դա չէր կարող չանդրադառնալ նաև մեր տնտեսության վրա, որը համաշխարհային տնտեսության մի մասն է կազմում: 2011 թվականին ճգնաժամը մի փոքր մեղմեց, սակայն 2012 թվականին, ցավոք, ըստ բազմաթիվ միջազգային հեղինակավոր տնտեսագետների, ինչպես նաև ելնելով այն իրադարձություններից, որոնք ներկայումս դիտվում են Եվրամիության երկրներում և ԱՄՆ-ում, կարելի է պնդել, որ սկսվելու է ճգնաժամի 2-րդ ալիքը: Կարծում եմ, որ այդ ցնցումները կտևեն երկար, և դա բնական է, քանի որ տնտեսական ճգնաժամերը միանգամից չեն առաջանում և միանգամից էլ չեն հաղթահարվում: Իմ կարծիքով, առաջիկա 3-4 տարիները կլինեն <վերականգնման և չափավոր աճի> տարիներ, որոնք ուղղված կլինեն ճգնաժամից տնտեսության վերջնական դուրս բերմանը:
ԱրմԻնֆո
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ