Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 19:47
2011 թվականին ԲՏԱ Բանկը 63% մեծացրել է տնտեսության վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. 2011 թվականին ԲՏԱ Բանկը 63%-ով մեծացրել է տնտեսության վարկավորման ծավալները: Բանկը զգալիորեն կրճատելով սպառողական վարկավորման պորտֆելն առավելագույնս դիվերսիֆիկացրել է վարկային պորտֆելը, դրանով իսկ բացառելով ռիսկերի կոնցենտրացիան: Մասնավորապես, 2011 թվականին բանկն էապես ակտիվացել է ՓՄՁ վարկավորման ոլորտում, որտեղ վարկային ներդրումների աճը կազմել է մոտ 66%, տրանսպորտի և կապի ոլորտում այդ աճը կազմել է 61%, առևտրի հատվածում` մոտ 30%, հասարակական սննդի և ծառայությունների ոլորտում` 18%: Այս ամենի շնորհիվ 2011 թվականին բանկն ապահովել է վարկային պորտֆելի 13.2% աճ, իսկ միայն 4-րդ եռամսյակում`11.8%, մինչև 4.8 մլրդ.դրամ կամ 12.6 մլն.դոլար, կամ ակտիվների մոտ 52%-ի չափով: Արդյունքում, բանկի ակտիվները 2011 թվականին աճեցին 14%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 10%, մինչև 9.4 մլրդ.դրամ կամ 24.2 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ԲՏԱ Բանկի վարկային պորտֆելի կազմում արդյունաբերության հատվածի վարկավորման բաժինն 2011-ին աճել է 1.3%-ից մինչև 2.2%, տրանսպորտի և կապի ոլորտում այդ աճը կազմել է` 3.1%-ից մինչև 3.4%, հասարակական սնդի և ծառայությունների ոլորտում` 1.9%-ից մինչև 2%, ՓՄՁ ոլորտում`7%-ից մինչև 8.2%, իսկ առևտրի հատվածում` մինչև 12.4%: Շինարարության հատվածում 2011 թվականին կատարված ներդրումները զրոյացվել են: Տեղին է նշել նաև, որ սպառողական վարկերի բաժնեմասի 79%-ից մինչև 50% կրճատումով բանկին հաջողվել է հաշվետու ժամանակահատվածի ժամկետանց վարկերի ծավալները կրճատել 22%-ով, միաժամանակ 31%-ով ավելացնելով ստանդարտ վարկերի ծավալներն իրական հատվածում:
2011 թվականին Բանկն էապես մեծացրել է նաև պարտավորությունները` մոտ 30%-ով, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 26%-ով, մինչև 3.9 մլրդ.դրամ կամ 10.2 մլն.դոլար: Բանկի պարտավորութունների կազմում տարեկան էական աճ է գրանցվել ժամկետային ավանդների գծով` մոտ 2 անգամ, ինչի արդյունքում ժամկետային ավանդների պորտֆելը մեկ տարում աճել է 33%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 20%:
Նշենք, որ ԲՏԱ Հայաստան Բանկի բաժնետերերն են` ԲՏԱ Բանկ Ղազախստանը` 48.9%, ավստրիական ZRL Բետալիգունդս ընկերությունը` 31.1%, հայ-ղազախական "MOBILEX Էներջի Լիմիթեդ՚ ՀՁ ընկերությունը`16.3%, ՙԱՄԿ Ինվեստ՚ նախագծային-շինարարական կազմակերպությունը` 3.7%: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկն ունեցել է 7 մասնաճյուղ, որոնցից 6-ը` Երևանում: