Ուրբաթ, 2 Մարտի 2012 18:39
Սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում Հայաստանի 120 երիտասարդ ընտանիքներ հաստատվել են ստանալու արտոնյալ պայմաններով ավտովարկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի 120 երիտասարդ ընտանիքներ Սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում կարող են արտոնյալ պայմաններով ստանալ ավտովարկեր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
Նրա խոսքերով, 2012 թվականի ապրիլի 15-ից մեկնարկում է ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա՚ պետական ծրագիրը, որն ընդգրկված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:
ՙԵրիտասարդ ընտանիքների ավտովարկավորման պայմանները մշակվել են ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, որի համաձայն պետությունը կսուբսիդավորի ավտովարկի տոկոսադրույքի 2%-ը: Արդյունքում, վարկերը կտրամադրվեն տարեկան 10% տոկոսադրույքով և 7-10 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով փոխառուի վճարունակությունը՚,-նշել է նա, հավելելով, որ ներկայումս ավտովարկավորման շուկայում նվազագույն տոկոսադրույքը կազմում է տարեկան 13-14%:
Փոխնախարարը նշել է նաև, որ ծրագրի իրականացման նպատակով պետությունը հատկացրել է 500 մլն.դրամ: Ծրագիրը կշարունակվի կախված պահանջարկից: Kia Motors-Armenia ընկերության հետ համապատասխան պայմանագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կտրվի ընկերության ավտոսրահներից ձեռք բերել 3-7 մլն.դրամ արժեքներով ավտոմեքենաներ, ընդ որում` 5 տարի երաշխիքով: Ավտոմեքենան կարող են ձեռք բերել այն ընտանիքները, որոնց անդամների միագումար տարիքը չի անցնում 65-ից, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի ամսական եկամուտը պետք է լինի առնվազն 60 հազար դրամ: Նա նաև նշել է, որ ներկայումս արդեն գրանցվել է 189 հայտ, որոնցից 120-ը ճանաչվել է վճարունակ:
Նշենք, որ ծրագիր իրականացվում է ՀՀ Կենտրոնական բաբնկի և Հայ-գերմանական հիմնադրամի (GAF) աջակցությամբ: