Երեքշաբթի, 6 Մարտի 2012 21:54
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ` 8%
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է 2012 թվականի մարտի 6-ին, ԿԲ խորհրդի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2012 թ. փետրվարին արձանագրվել է 0.9% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.8 տոկոսային կետով և կազմել 3.0%ª պահպանվելով 4% նպատակային թիրախը` 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Խորհուրդն արձանագրեց, որ աշխարհի առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների և համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ներքո հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները ձևավորել են թույլ գնաճային միջավայր: Բացի այդ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրների պահպանման պարագայում գրանցվել է նավթամթերքի գնի աճ, որը որպես ռիսկ նախանշվել էր 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Խորհուրդն այս զարգացումները դեռևս մտահոգիչ չի համարումª առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով:
Խորհուրդը արձանագրեց նաև, որ ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը գնաճային միջավայրի վրա շարունակում է մնալ չեզոքª ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:
Խորհուրդն ամփոփեց, որ զարգացումները ՀՀ տնտեսությունում ընթանում են Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համահունչ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումների համատեքստում, թերևս վերջինին վերաբերող որոշ ռիսկերի դրսևորմամբ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվականե-ին հայտնեցին, որ խորհուրդը գնահատում է, որ այս իրավիճակում մեծ հավանականությամբ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Հիշեցնենք, որ ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2011 թվականի հոկտեմբերի 11-ին 8.5%-ից իջեցրել էր մինչև 8%, պահպանվելով այն մինչ օրս: