Երեքշաբթի, 6 Մարտի 2012 14:57
Կոնվերս Բանկի ԼՂՀ-ի մասնաճյուղն սկսել է հաճախորդների սպասարկումը
ԱրմԻնֆո. Հայաստանի առաջատար բանկերից մեկը` Կոնվերս Բանկը մտադիր է Լեռնային Ղարաբաղում ծավալել ակտիվ գործունեություն:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության սեփական թղթակիցը, բանկի մասնաճյուղի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսին, սակայն, հաճախորդների ընդունումն իրականացվում է արդեն այսօր: Լեռնային Ղարաբաղում գտնվող` Կոնվերս Բանկի Վարչության նախագահ Տիգրան Դավթյանը խոստացել է ԼՂՀ-ում նույնպես ապահովել բանկային սպասարկման այնպիսի որակ, ինչպիսին Հայստանում է:
Բանկի գործունեության հիմնական ուղղությունը կլինի գյուղատնտեսության վարկավորումը: Մասնավորապես, նախատեսվում է ներկրել 2 մլրդ.դրամի գյուղտեխնիկա` ապրանքային վարկի և լիզինգի սխեմաներով: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով, նախատեսվում է, որ նշված տեխնիկայի արտադրողներն իրենց ներկայացուցչությունները կունենան Ստեփանակերտում: Առաջիկա ամսում կճշգրտվեն վարկավորման պայմանները, իսկ կառավարությունն իր վրա կվերցնի տեխնիկայի վճարների դիմաց տրամադրվող վարկերի ամբողջովին կամ մասնակի սուբսիդավորումը:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մի շարք պետական ծրագրեր է իրականացնում, համագործակցելով առևտրային բանկերի հետ: Եթե 2007 թվականին ԼՂՀ-ում վարկային ընդհանուր պորտֆելը կազմում էր 17 մլրդ.դրամ, ապա ընթացիկ տարում այն անցել է 55 մլրդ.դրամից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ԼՂՀ-ում բացվել է 18 մասնաճյուղ, իսկ Արցախբանկի մասնաճյուղերի ցանցի հետ միասին այդ թիվը հասնում է 30-ի: ԼՂՀ տարածքում մասնաճյուղերի թվաքանակով առաջատարներն են` Արդշինինվեստբանկը և Հայբիզնսբանկը` 6-ական մասնաճյուղ: Կոնվերս Բանկի ՙՍտեփանակերտ՚ մասնաճյուղը գրանցվել է փետրվարի 27-ին: