Հինգշաբթի, 15 Մարտի 2012 19:24

Հիփոթեքի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրով Ղարաբաղի 1202 ընտանիքներ ստացել են պետական աջակցություն


ԱրմԻնֆո. Հիփոթեքի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրով Լեռնային Ղարաբաղի 1202 ընտանիքներ ստացել են պետական աջակցություն: Այս մասին է Ստեփանակերտից հաղորդել ԱրմԻնֆո գործակալության հատուկ թղթակիցը, հղում կատարելով Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանին: 2011 թվականին ԼՂՀ բյուջեից հիփոթեքային տոկոսադրույքների սուբսիդավորմանն է ուղղվել 282 մլն.դրամ կամ 730 հազ.դոլար:

Աղբյուրի տվյալներով, պետծրագիրը կշարունակվի նաև 2012 թվականին: Ըստ Ա.Միրզոյանի, անհրաժեշտ է փոխել վարկավորման կարգը, մասնավորապես, վարկերի մարման ժամկետները սահմանել 25-30 տարի:

Նշենք, որ նշված ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորումով Ղարաբաղում զբաղվում է Արցախի ներդրումային հիմնադրամը: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվել է բնակարանների և անհատական տների շինարարություններ Ստեփանակերտում և ԼՂՀ շրջաններում: Մարտունի և Մարտակերտ քաղաքներում շարունակվում է ևս մի քանի բազմաբնակարան շենքերի շինարարությունը: