Չորեքշաբթի, 14 Մարտի 2012 16:34
HSBC Բանկ Հաաստանը գործարկել է քարտային զեղծարարություններից ապահովագրության նոր ծառայությունը
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանըե շուկա է ներմուծել նոր` քարտային զեղծարարություններից ապահովագրության ծառայությունը, որը կոչված է բանկոմատային և MasterCard միջազգային քարտային ծառայություններից օգտվող հաճախորդներին զերծ պահել մի շարք ռիսկերից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առաջարկվող ապահովագրությունը ենթադրում է կեղծված, գողացված և կորած քարտերով իրականացված, ինչպես նաև հաճախորդի կողմից չարտոնված նմանատիպ մի շարք այլ գործարքների հետևանքով առաջացած վնասների հատուցում:
ՙԲանկոմատային և կրեդիտ քարտերի կիրառումը չափազանց լայն տարածում է ստացել հաճախորդների շրջանում, սակայն քարտերի օգտագործման ծավալների աճի հետ մեկտեղ ավելանում են նաև զեղծարարությունների դեպքերը, մասնավորապես` տուժում են արտերկրում բանկային գործարքներ իրականացնող հաճախորդները: Սա է պատճառը, որ մենք ներմուծում ենք քարտային ապահովագրությունը` պաշտպանելով հաճախորդներին նման ռիսկերից՚, - այս կապակցությամբ նշել է HSBC Բանկ Հայաստանի լխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
2011 թվականին Բանկը թողարկել է 17800 բանկոմատային և 2400 վարկային ու վճարային քարտ` 38 տոկոսով ավելի, քան 2010 թվականին: Հավելենք, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանիե քարտերով իրականացված գործարքների ծավալը 2011 թվականին կազմել է 21 միլիարդ ՀՀ դրամ` բանկոմատային, և 61 միլիարդ ՀՀ դրամ` վարկային և վճարային քարտերի համար:
Ըստ HSBC Բանկ Հայաստանի տվյալների, 2011 թվականին բանկը թողարկել է 20200 քարտ, որից 17800-ը եղել է բանկոմատային, իսկ 2400-ը` վարկային և վճարային քարտեր: 2011 թվականին HSBC Բանկ Հայաստանի բանկոմատային քարտերով իրականացված տրանսակցիաների ծավալը կազմել է 21 մլրդ.դրամ, իսկ վարկային և վճարային քարտերով` 61 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ տեղեկագրի, ակտիվ քարտերի քանակով HSBC Բանկ Հայաստանը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, իսկ ծավալներով` առաջատարների եռյակում: 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 332 POS-թերմինալ և 52 բանկոմատ: MasterCard-ի տարեկան սպասարկման նվազագույն վճարը HSBC Բանկ Հայաստանի կողմից սահմանվել է 12 հազ.դրամ: