Հինգշաբթի, 29 Մարտի 2012 16:11
«Անելիք Բանկ» ՓԲԸ Հայաստանի բանկերից առաջինը ներդրեց բիզնես վարկերի վարկանշավորման հատուկ սքորինգային համակարգ
ԱրմԻնֆո: «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից մշակվել և ներդրվել է վարկերի վարկանշավորման սեփական սքորինգային համակարգը, որը հնարավորություն կտա Բանկին առավել արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում իրականացնել հնարավոր վարկառուների վարկունակության վերլուծություն: Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, սքորինգնիրենից ներկայացնում է վարկարժանության գնահատական, որը ստացվում է վիճակագրական և մոդելավորման տեխնիկաների կիրառման միջոցով` հիմնվելով Բանկի Վարկային ռիսկերի կառավարման քաղաքականության սահմանափակումների, վարկառուների վերաբերյալ հավաքագրված տեղեկությունների և բանկում գործող սովորույթների վրա:
Աղբյուրի համաձայն, համակարգը ստեղծվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցների կողմից մոտ մեկ տարվա բուռն քննարկումների և վերլուծությունների արդյունքում: Բանկի մասնագետները համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում համագործակցել են տարբեր միջազգային կառույցների հետ և այն մշակել են գոյություն ունեցող համակարգերի ուսումնասիրման, միջազգային լավագույն փորձի հիման վրա: Աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել Բազելյան կոմիտեի պահանջները, միջազգային փորձը և «Անելիք Բանկ» ՓԲԸ վարկային ռիսկերի կառավարման քաղաքականությունը: Բանկում ներդված համակարգը հաշվի է առնում ինչպես քանակական, այնպես էլ որակական ու գրավային ցուցանիշներն իրենց համապատասխան կարևորությամբ:
«Հայաստանյան բանկերից առաջինը ներդնելով բիզնես վարկերի վարկանշավորման սքորինգային նման կարգի համակարգ` մենք վստահ ենք, որ այն ոչ միայն կարագացնի վարկավորման գործընթացը, այլև հնարավորություն կտա սահմանել յուրաքանչյուր վարկառուի գործունեությանը համապատասխան պայմաններ: Համակարգի շնորհիվ Անելիք Բանկի վարկառուներին կշնորհվեն արժանի վարկանիշեր: Մյուս դրական կողմերից մեկն այս համակարգի այն է, որ այն, տարբեր ցուցանիշներ համադրելով իրար, նվազեցնում է վարկային մասնագետի սուբյեկտիվիզմը: Իհարկե, վարկավորման վերջնական որոշումը կայացնում է վարկային մասնագետը, սակայն դրա վրա մեծ ազդեցություն է ունենալու սքորինգային համակարիգի միջոցով ստացված վերջնական գնահատականը»,- ասել է«Անելիք Բանկ» ՓԲԸ Ուսումնական Կենտրոնի տնօրեն Մկրտիչ Թադևոսյանը: