Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2012 18:43
2012 թվականին Յունիբանկը կբացի 8 նոր մասնաճյուղ
ԱրմԻնֆո. Մանրածախ գործունեության աճի հետագա զարգացումն ապահովելու նպատակով Յունիբանկը որոշել է 2012 թվականի ընթացքում բացել ևս 8 մասնաճյուղ` առավել ընդլայնելով իր մասնաճյուղային ցանցը, ձգտելով իր հաճախորդներին տրամադրել առավել հարմար և արագ` ՙմեկ քայլ հեռավորությամբ՚ բանկային ծառայություններ: Ներկա դրությամբ բանկի սպասարկման ցանցն ընդգրկում է 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
արդեն ապրիլ ամսին Յունիբանկի երկու նոր` մայրաքաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերը կսկսեն հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղերը կսպասարկեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց և կառաջարկեն բանկային ծառայությունների ողջ տեսականին` ավանդների ներգրավում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում և այլն:
Աղբյուրի համաձայն, ապրիլին նախատեսվում է նաև ՙյումրի, մասնաճյուղի տեղափոխումը նոր, բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն:
2011 թվականի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 115.9 մլրդ դրամը, պարտավորությունները կազմել են 98.3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը`17.7 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը տարվա արդյունքներով ավելացել է 1.7 անգամ և կազմել 2.6 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկն ընդգրկվել է բանկային համակարգի առաջատար բանկերի հնգյակում և ՀՀ 50 խոշոր հարկատուների ցուցակում: