Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012 21:40
ՀՀ ԿԲ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8 տոկոս
ԱրմԻնֆո. 2012 թ. ապրիլի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ լրատվական ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2012 թ. մարտին արձանագրվել է 0.1% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.8 տոկոսային կետով և կազմել 2.2%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից փոքր-ինչ ցածր մակարդակում:
Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածի զարգացումները հիմնականում Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի շրջանակներում են. առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո պարենային ապրանքների միջազգային գները ձևավորում են թույլ գնաճային միջավայր: Մինչդեռ շարունակում է դրսևորվել Դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշվածª նավթամթերքի շուկայում գների աճի ռիսկըª պայմանավորված Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական զարգացումներով:
Խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի վրա ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին և, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունների զարգացման ներկա հեռանկարում իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 8% նվազեցրել էր 2011-ի հոկտեմբերին, այդ մակարդակի վրա պահպանելով մինչ օրս: