Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 17:38
Հայաստանի պետպարտատոմսերի շուկայում մարտին նվազել է եկամտաբերությունը
ԱրմԻնֆո. Հայաստանի պետպարտատոմսերի շուկայում մարտին նկատվել է եկամտաբերության նվազում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դա պայմանավորված է եղել ԿԲ դրամավարկային չեզոք քաղաքականությունով, ինչպես նաև դեկտեմբերին պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետևանքով տեղի ունեցած ժամանակավոր աճին հետևած տոկոսադրույքների նվազման շարունակման ազդեցությունով:
Աղբյուրի համաձայն, մարտին արձանագրվել է տոկոսադրույքների նվազման միտում. շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը փետրվար ամսվա նկատմամբ նվազել է 1.07 տոկոսային կետով և կազմել 9.81%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը` 1.27 տոկոսային կետով և կազմել 9.46%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը մնացել է գրեթե անփոփոխ և կազմել 8.77% (նվազումը 0.13 տոկոսային կետ): Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ աճել է և կազմել 8.12% (աճը 0.39 տոկոսային կետ):
2012 թ. մարտին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.13% տոկոսով` կազմելով 389.13 դրամ, Եվրոյի նկատմամբ փոխարժեքը մնացել է անփոփոխ կազմելով 514.2 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 1.66 %-ով` կազմելով 13.26 դրամ: Նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ դրամի միջին շուկայական փոխարժեքը դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5.32 %-ով, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 0.32 %-ով և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 2.34 %-ով:
Նշենք, որ 2012 թ. ապրիլի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը հերթական անգամ որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար` 11.0% և 5.0%: