Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2012 17:43
SMEDNC կսկսի մինչև 3 մլն.դրամ ծավալներով վարկեր տրամադրել սկսնակ գործարարներին
ԱրմԻնֆո. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (Small and Medium Entrepreneurship Development National Centre of Armenia - SMEDNC), սկսնակ գործարարների աջակցման ծրագրի շրջանակներում, կսկսի մինչև 3 մլն.դրամ ծավալներով վարկերի տրամադրումը: Այս մասին SMEDNC հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքերով, վարկերը կտրամադրվեն 3 տարի մարման ժամկետով և 8-10% տարեկան տոկոսադրույքով: Նախագծի շրջանակներում սպասվում է մոտ 60 փոքր և միջին ձեռնարկությունների հիմնում:
Բացի այդ, ինչպես նշել է Վ. Կարապետյանը, կազմակերպությունը տեղեկատվական ծրագրեր է մշակել, որոնք ուղղված են Հայաստանի ՓՄՁ ոլորտի պրոբլեմների բացահայտմանը` դրանք կառավարությունում քննարկելու նպատակով: Դրա համար, ըստ Վ.Կարապետյանի, 4 ամիս առաջ կառավարությանը կից ստեղծվել է ՓՄՁ զարգացման Խորհուրդ, որի անդամն է հանդիսանում նաև SMEDNC-ը: Կենտրոնի գործունեության մյուս ուղղությունն այս տարի և հեռանկարում ենթադրում է շրջանների ՓՄՁ սուբյեկտների աջակցություն, նրանց գործունեության համար ստեղծելով բարենպաստ միկրոպայմաններ, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև տեղերում այդ սուբյեկտներին օգնելու ուղղությամբ համապատասխան կազմակերպությունների ստեղծում:
Նշենք, որ SMEDNC կազմակերպությունը 2004-2011 թվականներին վարկային երաշխիքները է տրամադրել ՓՄՁ 381 սուբյեկտի, 1.57 մլրդ.դրամի սահմաններում, ապահովելով 2.9 մլրդ.դրանի վարկային պորտֆել: 2012-ի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալները կազմել են 3.61 մլրդ.դրամ: 2011 թվականի արդյունքներով SMEDNC-ի վարկային պորտֆելը կազմել է 90.9 մլն.դրամ:
Նշենք նաև, որ SMEDNC-ը հիմնվել է 2002 թվականին և հանդիսանում է Հայաստանում ազգային առաջին կառույցը, որը լիազորված է պետականորեն աջակցելու երկրում ՓՄՁ զարգացմանը: