Ուրբաթ, 27 Ապրիլի 2012 20:09
Հայկական բանկերի միջև կոշտ մրցակցությունը հաճախորդների շրջանում առաջացնում է բծախնդրություն
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի միջև կոշտ մրցակցությունը հաճախորդների շրջանում առաջացնում է բծախնդրություն, բարձրացնելով նրանց ակտիվությունը: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով այն հարցին, թե վարկային շուկայում զարգացման ինչպիսի միտումներ կարելի է ակնկալել ընթացիկ տարում:
ՙԵլնելով այս հանգամանքից, Ամերիաբանկն արդեն 4 տարի է, որ վարում է դեպի հաճախորդները կողմորոշում ունեցող ռազմավարություն, որն իրեն ամբողջովին արդարացրել է: Մենք ունենք շուրջ 37 հազ.հաճախորդ, որոնց թիվը 2012-ի հունվարի 1-ի դրությամբ աճեց 10%-ով՚,-տեղեկացրել է Ջրբաշյանը:
ՙՊետք չէ ակնկալել տոկոսադրույքների իջեցում, հաշվի առնելով Կենտրոնական բանկի քաղաքականությունը, որը խստացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և պահուստավորման դրույքները: Սա ստիպում է ավելի մտածված մոտենալ վարկավորմանը, ավելի զգուշորեն կշռելով սեփական ռիսկերը՚,-նշել է նա: Նրա խոսքերով, տոկոսադրույքների իջեցում տեղի չի ունենա նաև համաշխարհային ճգնաժամի հետևանքով վարկային ռեսուրսների նկատմամբ ձևավորված պահանջարկի մեծացման պատճառով:
Ինչ վերաբերվում է ԿԲ կողմից պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացմանը, որն աստիճանաբար կանցնի դրամային պահուստավորման, Ջրբաշյանը նշել է, որ դա կբերի բանկային հաշվեկշռի պասիվային մասի ապադոլայնացման գործընթացի խորացմանը, ինչի արդյունքում բանկերին ձեռնտու կլինի դրամային ավանդների ներգրավումը:
Նշենք, որ 2011 թվականի փետրվարի 8-ին ԿԲ կողմից խստացվել էր պարտադիր պահուստավորման նորմատիվը, ինչի արդյունքում նախատեսված նվազագույն 12%-ից այժմ ՀՀ դրամով պահուստավորվում է 9%-ը, իսկ արտարժույթով` 3%-ը, նախկինում գոյություն ունեցող 6-ական տոկոսների համեմատ: