Երեքշաբթի, 8 Մայիսի 2012 19:32
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանելով 8%-ի վրա ԿԲ կքննարկի դրամավարկային պայմաների թուլացման հարցը
ԱրմԻնֆո. 2012 թ. մայիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայ, 2012 թ. ապրիլին արձանագրվել է 0.6% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով և կազմել 1.9%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:
Խորհուրդը գնահատեց, որ պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ճնշումներ չեն ակնկալվում. չնայած այդ ապրանքների (հիմնականումª նավթ, ցորեն) հարաբերական գների տատանումներին, ընդհանուր առմամբ, դրանց ազդեցությունը գնահատվում է չեզոք:
Խորհուրդն արձանագրեց, որ ՀՀ տնտեսության զարգացումները նույնպես գնաճային միջավայրի ընդլայնում չեն նախանշում. մասնավոր ծախսումների աճը և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ոչ գնաճային են:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ՀՀ տնտեսությունները զարգանում են ըստ 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության բազային սցենարի: Ներկայումս իրատեսական է կանխատեսվող 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձևավորումը 4% նպատակային ցուցանիշի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում, և այս պահին նպատակահարմար է պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Խորհուրդը միաժամանակ նշեց, որ տնտեսության զարգացման նկարագրված միտումների շարունակականության դեպքում կանխատեսվող գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Այս պարագայում խորհուրդը կդիտարկի դրամավարկային պայմանների թուլացման անհրաժեշտությունը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 18-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Նշենք, որ ԿԲ Խորհուրդը վերաֆաինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից 8% էր իջեցրել 2011 թվականի ապիլի 11-ին: