Երեքշաբթի, 22 Մայիսի 2012 19:11
Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հատել է հոգեբանական համարվող` 400 դրամի սահմանագիծը
ԱրմԻնֆո. Հայաստանի արժույթի մանրածախ շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքն այսօր հատել է հոգեբանական համարվող` 400 դրամի սահմանագիծը, գրանցելով 402 դրամ/դոլար արդյունք: Արժույթի շուկայի փորձագետները գտնում են, որ դա պայմանավորված է տարեսկզբից արտարժույթի նկատմամբ նկատվող պահանջարկի աճով, ինչը բուրսայում և միջբանկային շուկայում բավարարվում էր դանդաղ տեմպերով: Այս փուլում Կենտրոնական բանկի չմիջամտելը, հավանաբար, բացատրվում է արտաքին արտարժութային պահուստների կրճատումով, որի լույսի ներքո փոխարժեքի աճի նկատմամբ համարժեք ռեակցիան ուշացած էր: Բորսայում նախորդ օրը գրանցված զրոյական ծավալներից հետո, այսօր, հավանաբար, ԿԲ միջամտության շնորհիվ, սակարկությունների ծավալը կազմեց 20 մլն.դոլար: Սակայն անգամ այս ցուցանիշը չկարողացավ դեն նետել վեր խոյացող տրենդը և դոլարի բորսայական փոխարժեքն ուրբաթ օրվա 399.5 դրամից բարձրացավ մինչև 401.95 դրամ/դոլար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մայիսի 17-ին շուկայում յուրօրինակ ՙդադար էր փոթորիկից առաջ՚, մասնակիցները սպասողական դիրքեր էին զբաղեցրել, ընդ որում` ինչպես միջբանկային շուկայում, այնպես էլ բորսայում:
Ըստ փորձագետների, դոլարի փոխարժեքի աճը պայմանավորված է արտարժույթի նկատմամբ ներկրողների կողմից ցուցաբերված պահանջարկով, որոնք այն գնելիս բարձր պահանջներ ներկայացրեցին բանկերին, և ԿԲ միջամտությունը, հավանաբար, կկարողանա բավարարել նրանց ախորժակները, ինչի հետ կապված, առաջիկա կարճաժամկետ հեռանկարում փոխարժեքի հետագա աճ ակնկալելն անիմաստ է:
Հետաքրքրական է, որ մինչ արժույթի շուկայում վեր խոյացող տրենդի սկիզբը, որն սկսվեց մայիսի սկզբին, երբ միջին փոխարժեքը կազմում էր 392 դրամ, առաջին եռամսյակում Կենտրոնական բանկի համախառն արտաքին ակտիվները կրճատվեցին 9%, իսկ ԿԲ զուտ արտաքին ակտիվները` 16%: