Երեքշաբթի, 5 Հունիսի 2012 18:42
ՀՀ ԿԲ որոշեց ռայժմ ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումից, պահպանելով այն նախկին` 8% մակարդակում
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, 2012 թ. մայիսին արձանագրվել է 1.3% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 0.5%` ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքից ցածր մակարդակում:
Խորհուրդն արձանագրեց, որ ներկայումս Եվրամիության պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների խորացումը հանգեցրել է մեր հիմնական գործընկեր երկրների, մասնավորապես Եվրամիության և Ռուսաստանի արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի կտրուկ արժևորմանը, ինչն անդրադարձել է նաև ՀՀ արտարժույթի շուկայի վրա` արտահայտվելով ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ: Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի աճի տեմպերի դանդաղման ռիսկերի ներքո հիմնական հումքային ու պարենային ապրանքների համաշխարհային շուկաներում ձևավորվում է գնանկումային միջավայր:   
	 
Խորհուրդը գնահատեց, որ, ճիշտ է, ներկայումս ներքին գների վրա մասնավոր ծախսումների և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գնահատվում է ոչ գնաճային, այնուամենայնիվ, մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը, որն, ըստ էության, արդեն իսկ դրամավարկային պայմանների թուլացում է, գների մակարդակի վրա կթողնի իր գնաճային ազդեցությունը: Միևնույն ժամանակ, չնայած 12-ամսյա գնաճը ներկայումս կազմում է ընդամենը 0.5%, 12-ամսյա բնականոն գնաճը գտնվում է գնաճի նպատակային ցուցանիշի սահմաններում: 
   
Ելնելով ներկա իրավիճակից` ԿԲ Խորհուրդը որոշեց առայժմ ձեռնպահ մնալ տոկոսադրույքի միջոցով դրամավարկային պայմանների էլ ավելի թուլացումից: 
Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը որոշում կայացրեց ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու վերաբերյալ` 6 տոկոսային կետից այն դարձնելով 5 տոկոսային կետ, իսկ մինչև տարեվերջ` աստիճանաբար հասցնելով 3 տոկոսային կետի:
Հիշեցնենք, որ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 8% իջեցրել էր 2011 թվականի ապրիլի 12-ին: