Չորեքշաբթի, 6 Հունիսի 2012 17:27
Բ.Ասատրյան. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բերեցին հայկական դրամի արժեզրկմանը
ԱրմԻնֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բերեցին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկմանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքերով, փոխարժեքի տատանումների վրա զդում են նաև արտաքին ճնշումները: Ազգային արժույթի արժեզրկում նկատվում է ԱՊՀ շատ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, նավթի համաշխարհային գների անկման հետևանքով 3 շաբաթում ռուբլու փոխարժեքն ընկավ 10%: ՙՉնայած Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, սակայն արժութային ռիսկերը բացարձակապես կապված չեն և խորհրդարանի ընտրությունները Հայաստանում ավելի մեծ ազդեցություն ունեցան, քան արտաքին նշումները՚,-ասել է Ասատրյանը: Նա նշել է, որ ընտրությունների ընթացքում կտրուկ աճեց կանխիկ դրամի շրջանառությունը շուկայում, ինչն էլ բերեց փոխարժեքի տատանումներին: ՙԸնտրությունների ընթացքում դիտվում էր փողի զանգվածային բաժանում: Արդյունքում, այս խորհրդարանը ոչնչով լավը չէ նախորդներից, որտեղ ներկա են օլիգարխները, իսկ քաղաքական միտքը գրեթե բացակայում է՚,-ասել է տնտեսագետը: Նրա խոսքերով կանխիկ միջոցների տատանումներն այդ ժամանակահատվածում, որպես կանոն, կազմում են 1-2%, այն ժամանակ, երբ ապրիլին և մայիսի սկզբին աճեցին 10%:
Ընդհանուր առմամբ, ԿԲ նախկին նախագահը փոխարժեքի տատանումները Հայաստանի տնտեսության համար անվանել է նորմալ, և ոչ վտանգավոր: Ինֆլյացիոն որոշ սպասումներ առաջացել են օլիգարխների ցանկություններից` ետ վերադարձնել ընտրություններին ծախսված միջոցները, ասել է Ասատրյանը: ՙԻնֆլյացիոն ճնշումները կարող են կախված լինել այն անձանց ախորժակներից, որոնք փոխ են ծախսել ընտրություններին և այժմ պետք է փոխհատուցեն այդ ծախսերը: Երկրի տնտեսությունը փոքրածավալ է, և տնտեսական օրինաչափությունները գրեթե չեն աշխատում: Աշխատում է իշխանությունը պահպանողների կամքը՚,-ասել է Ասատրյանը: Որպես վառ օրինակ նա նշել է բենզինի ոչ էլաստիկ գները: Այսպես, նավթի համաշխարհային գները`մեկ բարելի դիմաց կրճատվել են 124 դոլարից մինչև 9 դոլար: Անկումը կազմել է 25%, իսկ Հայաստանում բենզինի գներն այդ ժամանակահատվածում նվազել են ընդամենը 10 դրամով կամ 2%-ով, նշել է տնտեսագետը: